«Ես արդեն տեղեկացրել եմ Սերժ Սարգսյանի գրասենյակին, որ առավոտյան 11:00-ին իմ պառլամենտական մեյլից իր հարցի պատասխանը կուղարկեմ». մեզ հետ զրույցում քիչ առաջ այս մասին տեղեկացրեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Սարգսյանի գրասենյակը շուրջ մեկ ժամ առաջ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Քոչարյանից ստացած գրությունից հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում:
Սարգսյանի գրասենյակի հայտարարությունում նշվում էր, որ այդ պայմանի բավարարումից է կախված նիստին մասնակցելու Սարգսյանի որոշումը:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք խնդիր չունեն այդ պահանջը բավարարելու հետ եւ այդ մասին պարզ շարադրել էին ավելի վաղ Սարգսյանին ուղղված գրությունում:
«Մենք առավոտյան այդ մտահոգիչ կետն էլ կուղարկենք իրեն: Մենք խնդիր չունենք բավարարելու: Հստակ գրել էինք՝ բավարարվում է՝ գործող օրենքների շրջանակներում: Օրենքներն էլ պետական գաղտնիքի մասին են: Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում մենք ինչ ենք ասում»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Խաչատուրովին հարցեր կան, որոնք պիտի ուղղվեն՝ մինչեւ Սերժ Սարգսյանին հրավիրելը: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Խաչատուրովի մերժումը Սարգսյանին լսելու համար խնդիրներ չի առաջացնում:
Քոչարյանը նախ ծիծաղելի համարեց Խաչատուրովի՝ հանձնաժողով չներկայանալու փաստարկները, ապա նկատեց.
«Դե հիմա Խաչատուրովը մերժեց էս պահին, մենք կլրացնենք Սերժ Սարգսյանին լսելով: Հետո Խաչատուրովը, իմ կարծիքով, ինքնակամ կգա եւ մնացած հարցերին կպատասխանի»:
Կրկին հրավե՞ր եք ուղարկելու՝ հետաքրքրվեցինք.
«Ես իմ վերջին երկու հարցազրույցներում ասել եմ, որ մեր հանձնաժողովի դուռը բաց է Խաչատուրովի առջեւ: Ձեր լրատվամիջոցի միջոցով եւս կրկնում եմ դա: Հրավեր մեկ անգամ ենք գրում, հո մուկն ու կատու չե՞նք խաղում»,- պատասխանեց նա:
Քոչարյանին խնդրեցինք պարզաբանել նաեւ, թե համամի՞տ է ՀՀ վարչապետի հետ, որ Սարգսյանի եւ Խաչատուրովի հանձնաժողով այցելելը կլինի այդ հանձնաժողովի աշխատանքների կուլմինացիան:
«Այո, համաձայն եմ»,- պատասխանեց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Քոչարյանը Սերժ Սարգսյանին առաջարկ էր ուղարկել՝ ապրիլի 13-ին կամ 16-ին ժամը 14:00-ին այցելել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով եւ որոշ պարզաբանումներ ներկայացնել որպես պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ:
Երեկ Սերժ Սարգսյանը գրությամբ Քոչարյանին հայտնել էր, որ արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո՝ ապրիլի 16-ին պատրաստ է այցելել՝ պայմանով, որ ապահովվի նիստի ձայնագրությունը եւ մեկ օրինակ տրամադրվի իրեն: