Մահացել է ֆրանսիացի աստղ Մարի Լաֆորեն, որը նկարահանվել է Դելոնի եւ Բելմոնդոյի հետ

Ֆրանսիաշվեյցարացի երգչուհի եւ դերասանուհի Մարի Լաֆորեն 80 տարեկանում մահացել է Շվեյցարիայի Ժենոլյե քաղաքում, հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը:

«Մարի Լաֆորեն մահացել է շաբաթ Ժենոլյեում: Այդ մասին հենց նոր ինձ հայտնեց նրա դուստրը»,- ասել է երգչուհու դստեր մամուլի քարտուղար Դոմինիկա Սեգալը: «Մարիան այսօր մեզնից հեռացավ, նրան կկարոտենք»,- նշել է երգչուհու երկրպագուներից մեկը Facebook-ի նրան նվիրված էջում: Մահվան պատճառերը պարզվում են:

Մարի Լաֆորեն (իսկական անունն է՝ Մայտենա Մարի Բրիժիտ Դումենակ) ծնվել է 1939 թվականին Սուլակ սյուր Մեր քաղաքում (Ժիրոնդա դեպարտամենտ, երկրի արեւմուտքում): Մեծ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 19 տարեկանում ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի «Աստղի ծնունդը» մրցույթում: 23 տարեկանում հանրաճանաչ է դարձել էստրադայում: 1978 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա եւ ստացել շվեյցարական քաղաքացիություն:

Մեծ հանրաճանաչություն են ձեռք բերել Լաֆորեի երգերից Manchester et Liverpool-ը («Մանչեսթեր եւ Լիվերպուլ»), Mon amour, mon ami-ն («Իմ սեր, իմ ընկեր»), La tendress-ը («Քնքշություն») եւ այլն: Դրանից բացի, Լաֆորեն խաղացել է մի քանի տասնյակ ֆիլմերում եւ սերիալներում, որոնց թվում են՝ «Վառ արեւի տակ» (Plein soleil, ռեժիսոր՝ Ռենե Կլեման, 1960), «Ավանտյուրստները» (Les morfalous, ռեժիսոր՝ Անրի Վերնոյ, 1984), «Ծովահրեշ-3» սերիալ (La piovra — 3, ռեժիսոր՝ Լուիջի Պերելի, 1987): Նկարահանման հրապարակում դերասանուհու գործընկերներն են եղել նաեւ Ալեն Դելոնը եւ Ժան Պոլ Բելմոնդոն:

(Visited 10 times, 1 visits today)