Ինձ վճարել են իմ առաքելության համար բազմաթիվ մարդիկ՝ Արամ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, Լիդա Մուրադյան եւ Տարոն Մարգարյան. Էմմա Պետրոսյան

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը խոսել է վերջին օրերին ամուսնու՝ Արամոյի դեմ սկսված արշավի եւ իրենց ընտանիքին ուղղված քննադատությունների մասին:

«Ես ֆեյսբուքում չկամ, եւ հենց նոր նստած մի նամակ էի գրում, ու կխնդրեմ մեր ընկերներից ամենահարազատին իր էջով ներկայացնել իմ խոսքը, ձայնը, որը մինչ օրս չի եղել ֆեյսբուքում: Նամակում ես շատ հակիրճ փորձել եմ հավաքել մարդ, արվեստագետ տեսակի իրավունքը, խոսքի իրավունքը, լինելու իրավունքը եւ ընդհանրապես իրավունքն ու խոսքը, առանց որի մարդը ոչնչություն է: Եթե անցյալ երեսուն տարիների ընթացքում ես տեսել եմ, որ մի ծառ է տնկվել եւ եթե մասնակցել եմ կամ չեմ մասնակցել ծառատունկին, ողջունել եմ: Ծառատունկը լայն հասկացություն է՝ մեր երկրի շինարարության մասին է խոսքը… Ուզում եմ, որ մենք կարողանանք տեսնել եւ լավը, եւ ճիշտը, եւ սխալը, եւ վատը…
Եթե դու ակնոց ես դնում եւ ծափահարում եմ միայն նրանց, որոնք քեզ վճարում են ծափահարելու համար, ինչպես հիմա բարձրաձայնում են, որ ձեզ վճարել են… Այո, վճարել են, վճարել են, կրկնում եմ, բայց վճարել են իմ երգի համար, վճարել են իմ վաստակի համար, վճարել են իմ տաղանդի, Արամի տաղանդի համար… Չեն վճարել, որ ես գնամ նստեմ սրճարանում սուրճ խմեմ կամ խաբեմ ինչ-որ մեկին, կամ լինեմ անազնիվ, ինչպես շրջապատումս ապրում են անազնիվներ, բայց ազնիվի դիմակով են ապրում: Ի տարբերություն շատերի՝ ես ու Արամը փորձել ենք ապրել առանց դիմակ, ազնիվ վաստակով եւ երգել, որ մասին են խոսում մեր բոլոր ժամանակի երգերը, մեր վերնագրերը, մեր հարցազրույցները…Եթե մարդիկ չունեն, կարող եմ հատ առ հատ դնել ֆեյսբուքյան էջերում…92-93 թվականներից, երբ իմ երեխան դեռ իմ կրծքին էր»,-ասաց երգչուհին:

Համատեղ կյանքի 30-ամյակին ...

«Եվ եթե այսօր մարդիկ կարող են Արամի ազատ խոսքը մեկնաբանել այնպես, ինչպես իրենց հոգու կեղտն է, ես չեմ կարող իրենց հակադարձել, ես կարող եմ իրենց միայն հակադարձել, ինչպես նամակում եմ գրել՝ ես ձեզ սիրում եմ: Ես գրել եմ՝ դուք ինձ հայհոյում եք, ես ձեզ համար երգում եմ եւ պիտի շարունակեմ երգել, որովհետեւ սա է իմ առաքելությունը: Իսկ եթե ինձ վճարել են իմ առաքելության համար բազմաթիվ մարդիկ՝ Արամ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, Լիդա Մուրադյան եւ Տարոն Մարգարյան եւ, եւ, եւ ,եւ ..Ես մեղավոր չեմ, որ իմ կյանքի ժամանակահատվածը այս ընթացքում է եղել: Մենք բեմ ենք բարձրացել, երբ Անկախությունը հռչակվեց, Լեւոն Տեր-Պետրոսյանը նստած էր հուլիսի 5-ին, երբ ես եւ Արամը երգեցինք Ստեփան Լուսիկյանի՝ Սահմանադրության համար գրված «Օրհնություն» երգը:

Արամո և Էմմա Պետրոսյան - Free Download all ...

Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մնացածը՝ մենք միակը չենք, ում ձեռք են մեկնել… Բազմաթիվ մարդիկ տներ են ստացել, բազմաթիվ մարդկանց տներ են տարել, բայց ես պատասխանատու չեմ տվողի եւ տանողի համար, դրա համար կա օրենք, դրա համար կա դատարան, կան մարդիկ, որոնք պատասխան են տալիս դրա համար, ես չեմ դրա պատասխան տվողը: Եվ իրավունք չունեն դատել այն բաների համար, որ ես կամ Արամը կարող ենք բարձրաձայնել: Չբարձրաձայնել նշանակում է, որ ես անուղեղ եմ եւ անսիրտ, ես կույր եմ եւ խուլ: Իսկ ես չեմ կարող լինել ոչ կույր, ոչ խուլ…Ես կարող եմ լռել ինչ-որ ժամանակ, բայց ինչ-որ ժամանակից հետո իրավունք ունեմ խոսելու այն բոլոր սխալների եւ լավ բաների մասին, որոնք արվում են մեր երկրում: Խնդրում եմ բոլորին՝ բավական է բաժանել, մասնատել, վիրավորել, հարվածել, տրորել իրար, բավակա՛ն է…»,-ասաց Էմմա Պետրոսյանը:

(Visited 43 times, 1 visits today)