Անի Հովհաննիսյան. Անձրևը հայրենիք չունի

Երբ մայրս ծնվել է՝ բուժքույրը պապիս հայտնել է լուրը, պապս բորբոքվել, թքել է գետնին ու հայհոյել բուժքրոջը: Եվ հայհոյել է կյանքում առաջին ու վերջին անգամ:

Տատս միշտ պատմում է էդ պատմությունը, մայրս թե՝ էդ կնիկը էլի՞ հիշեց հին ու նորը, ուրիշ բան չունի՞ խոսելու: Տատս շատ բան ունի ասելու: Կողքին նստես՝ Պապ թագավորի, Մխիթար Սպարապետի ու Նժդեհի կենսագրության ու էն բաների մասին կպատմի, որ անգամ էդ հերոսներն իմացած չեն լինի իրենց մասին: Տատս  թերթեր է կարդում, էդ մեծ տարիքում էլ կարդում է առանց ակնոցի: Ասում եմ.

-Տա՛տ, դու ակնոց չե՞ս դնում:

Ու միշտ նույն պատասխանը.

-Չէ՛, չեմ դնում, բայց արդեն պիտի դնեմ, էլ առաջվանը չեմ:

Էլ առաջվանը չէ տատս, ոչ ոք էլ առաջվանը չէ: Քաղաքականությունից է խոսում, հետո՝ մուրաբաներից, վերջում էլ՝ հոդացավերի, հիպերտոնիայի ու առհասարակ իր հիվանդությունների մասին: Նա սիրում է կյանքը: Մեռնել չի պատրաստվում: Համենայնդեպս՝ հիմա: Պապս շատ խոսեց գնալու մասին ու գնաց:

Պապս տղա երեխա էր սիրում: Հավերին հարգանքով էր վերաբերում, որովհետև ձու են ածում: Երևանից գալիս էր գյուղ ու գյուղի գործերն էր անում: Երևանը չէր սիրում: Քաղաքը սիրուն վանդակ էր պապիս համար, որն այրում էր նրա թևերը: Ասում էր.

-Վահագին բոլորից շատ եմ սիրում:

Կատաղում էի: Իր բաժին բոլոր շոկոլադները եղբորս համար հավաքում էր պահարանի մուգ բաժակի մեջ: Էդ բաժակին, որ նայում էի՝ նախանձից քիչ էր մնում պայթեի:

Եղբորս հետ հաճախ էի վիճում: Նա մանկությանս ամենամեծ հակառակորդն էր, պապս՝ նրա Զևս-Հովանավորը: Պոսեյդոնի պես փրփրելով՝  փորձում էի Տարտարոս ուղարկել այդ չար կիկլոպին:

Տատս բոլորի անունները տալով կանչում էր.

-Արայի՛կ, Ստյոպի՛կ, Աշո՛տ, Անո՛, երեխեն կատաղեց, հասի՛:

Անո մամաս հասնում, մի բան էլ ինձ էր մեղադրում: Լացում էի ինչպես երբեք, էնպե¯ս էի լացում:

-Էլ մեր տուն չգա՛ս,-ասում էի պապիս:

Պապս բառ չէր ասում: Գնում էր հողամաս, խոնավ աչքերը խոնարհում էր հողին ու շարունակում էր աշխատել: Ամաչում էի:

Պապս ամեն գիշեր ծածկում էր մեզ: Ու դրանից ավելի տաքուկ էր դառնում աշխարհը:

Ժամանակի հետ պապս թողեց տղա երեխաներ սիրելու իր նախասիրությունը, ժամանակի հետ նա ամենամոտը դարձավ ինձ, ժամանակի հետ ես էլ եղբորս սկսեցի սիրել ինձնից շատ ու  պահարանի մուգ բաժակի մեջ սկսեցի նրա համար պահել իմ բաժին կոնֆետները:

Պապս ինձ սովորեցրեց սիրել:

Տատս սիրուն շորեր էր կարում ինձ համար, պապս բռնում էր փոքրիկ փափուկ ձեռքս ու միասին քայլում էինք Բանգլադեշի փողոցներով, ու ես թռչկոտում էի թիթիզ թիթեռի նման: Հաճախ հանդիպում էինք ծերության օրերը մաշող ու փողոցում արևածաղիկ վաճառող Սերոժ պապին, ով պապիս մանկության ընկերն էր՝ նույն բակից, նույն դպրոցից, բանակից, իրար հետ ծառի տերևի պես պոկված, քամու հետ քշված օտար քաղաքը՝ թողած հայրենի գյուղը և հարազատ մանկությունը: Ես էլ ներքևի դիտաշխարհից նայելով՝ այդպես էլ գլխի չէի ընկնում,թե ինչի մասին են լռում երկուսը ու պապս, որ չէր ծխում, ինչու էր Սերոժ պապին հանդիպելիս անպայման վառում ծխախոտը: Ի՜նչ սիրուն էին նրանք լռում իրենց կորցրած հայրենիքի մասին:

Տատիս կարած շորերը հերթով փոքրանում էին: Մանկությունս գունավոր փուչիկների կապոց էր, որ հերթով թողնում էի ձեռքիցս՝ մեկ մեր գյուղի կապույտ երկնակամար էին բարձրանում, մեկ բաց էի թողնում Բանգլադեշի վեցերորդ հարկից: Ամեն օր իմ գունավոր փուչիկները քչանում էին:

Պապս հիվանդացավ ու անկողին ընկավ: Էնքան էր տենչացել մահվան մասին, որ մահը վերջապես վրա հասավ՝ բռնեց նրա կոկորդից, խցկվեց պապիս մահճակալի մեջ ու տանջեց նրա տանջված մարմինը:

Պապիս հետ խոսում էինք իր հայրենի Նախիջևանի մասին: Մտովի քայլում էինք իր գյուղի փողոցներով ու առնում նրա հայրենիքի հոտը: Նրա հայրենիքից թարմ դաղձի հոտ էր գալիս: Բարձրանում էինք Կապուտջուղ լեռնագագաթը ու մինչև թոքերի ծայրը երգում էինք գողթան երգերը: Պապս սարից իջնելով՝ աղբյուրից ջուր էր խմում ու հովացնում տաք սիրտը: Սուր ցավերը սկսվում էին ու մենք ստիպված էինք վերադառնալ ծակող իրականություն: Մամա էր գոռում:

-Մամա մի գոռա, մամադ չի օգնի, Աստված կանչի, պապի՛:

Էն օրը, որ պապս Աստված կանչեց՝ անձրև էր գալիս:

Անձրևը հայրենիք չունի: Տեսնես պապիս հայրենիքում անձրևն ի՞նչ գույն ունի:

Պապս գիտեր աշունների լեզուն: Գիտեր ցրտից ուրիշ երկիր չվող թռչունի վիշտը:

Նա ապրեց, որ ապրեցներ ինձ: Ամենավերջում հիշեց միայն Աստծուն ու հայրենիքը: Կարոտեց: Վերջին անգամ:

Կրծում եմ օդը: Ինչ – որ դառնություն կա կոկորդումս խրված: Իզուր չէր պապիս տղա երեխա  սիրելու մոլուցքը: Տղաս, ու շատ ուրիշ մամաների տղաներ հետ են բերելու պապիս կորցրած հայրենիքը:

Վերջին փուչիկը ամուր պահել եմ ձեռքումս, որ չկորցնեմ երբևէ:

Գիշերներն այլևս ծածկող չկա ինձ: Անտանելի մրսում եմ:

(Visited 162 times, 1 visits today)