Աստղիկ Ալավերդյանն այս ընթացքում հեռուստաեթերում չէ, սակայն դերասանուհին բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նա իր հետևորդներին հաճախ ներկայանում է ոճային կերպարներով։ Հայտնի մայրիկն իր փոքրիկների համար ևս ընտրում է նորաոճ հագուստներ։
Tert.am-ը Աստղիկի հետ զրուցել է սեփական զգեստապահարանի, ոճի, նախընտրելի գույների և երեխաների համար նորաոճ look-երի ընտրության մասին։
Դերասանուհին ասաց՝ look-ը փորձում է համապատասխանեցնել օրվա գրաֆիկի հետ՝ ուր է գնալու, ինչ անելիքներ ունի, սակայն, այս ամենով հանդերձ, Աստղիկը նշեց՝ օրվա կերպարը պետք է անպայման լինի հնարավորինս ոճային և հարմարավետ։
«Այս շրջանում նախընտրում եմ պիջակներ՝ վրայից վերարկու և նման այլ տարբերակներ։ Ես casual ոճի սիրահար եմ և անգամ դասական պիջակները փորձում եմ համադրել այդ ոճի հետ, որովհետև այդպես ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում։ 21-րդ դարի կնոջ իդեալական կերպարը համարում եմ ոճային համադրությունը՝ դասական կոստյումը սպորտային կոշիկների հետ: Իսկ առհասարակ սիրում եմ ոճային խառնուրդ՝ օրինակ դասական վերնաշապիկը համադրում եմ սպորտային տաբատի հետ և այդ սկզբունքով այլ տարբերակներ, որոնք, կարծում եմ, շատ գեղեցիկ են, հարմարավետ ու ոճային»,- ասաց Աստղիկը։
Դերասանուհին նշեց՝ օրվա ընթացքում մեկ look է ունենուն, քանի որ դրանից ավել ֆիզիկապես չի հասցնի, այլապես սիրով կընտրեր մի քանի տարբերակ։
Խոսելով գունային համադրություններից՝ Աստղիկն ասաց, որ իր պարագայում նախընտրում է կրել պաստելային երանգներ, սակայն սիրում է վառ գույների համադրությունը՝ ուրիշների կերպարներում։ Դերասանուհու սիրելի գույներից է սևը, որն, ըստ նրա, էլեգանտ է և տալիս է համադրություններ անելու լայն հնարավորություն։
«Առհասարակ սև գույնի մեծ սիրահար եմ և թե՛ իմ, թե՛ դստերս զգեստապահարանում այդ գույնը գերակշռում է։ Սիրում եմ սև հագնել, որովհետև այդ գույնն ինձ շատ սազում է և հեշտ է լինում համադրություններ անելն ամեն գույնի, ամեն ոճի հագուստի հետ։ Եվ հետո սևն էլեգանտ գույն է և իմ ոճին համապատասխան»,- նշեց նա։
Անդրադառնալով աքսեսուարների կարևորությանը՝ Աստղիկը նշեց, որ սիրում է ակնոց։ Նա ունի ակնոցների լայն տեսականի և, անկախ կերպարից, պայուսակում պետք է այդ աքսեսուարը լինի։ Դերասանուհին աղջիիկներին ևս խորհուրդ է տալիս՝ մեծ ուշադրություն դարձնել աքսեսուարներին․ «Երբեք պետք չէ ինչ-որ մեկի ոճը կրկնօրինակել։ Այսինքն երբ Ինստագրամում տեսնում ենք որևէ նորաձև look, ապա պետք չէ նմանակել, փորձել ամբողջությամաբ կրկնել դա, փոխարենը կարելի է հենց այդ նկարից ինչ-որ աքսեսուար վերցնել, որևէ մտահղացում՝ օրինակ, որ այդ գոտին հնարվոր է պիջակի վրայից կապել և ստանալ ոճային look։ Այս առումով աղջիկներին խորհուրդ կտամ, որ ուշադրություն դարձնեն աքսեսուարների վրա՝ մեկ գոտին կամ պայուսակը կարող է կնոջ ամբողջական տեսքը փոխել»։
Աստղիկն ասաց՝ հնարավոր է սեղմ բյուջեով ունենալ նորաձև տեսք․ «Միանշանակ հնարավոր է սեղմ բյուջեով լինել նորձև։ Հիմա շուկան բավականին բազմազան է և յուրաքանչյուր մարդ ինքն իր գրպանին համապատասխան կարող է գտնել հարմար, գեղեցիկ հագուստ։ Այստեղ արդեն ճաշակի հարցն է և կախված է այն բանից, թե ինչպես կանես համադրությունները, ինչ կընտրես։ Սեղմ բյուջեն ևս թույլ է տալիս լինել նորաձև ու ոճային։ Ներկայիս աշխատանքի բերումով ամբողջ օրը նորաձևության ոլորտի մեջ եմ՝ հետևում եմ համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, հետաքրքված եմ ինստագրամյան մի շարք ոճային էջերով, որոնց ևս հետևում եմ»։
Աստղիկի փոքրիկները ոչ պակաս նորաձև կերպարներով են։ Նա ասաց՝ երեխաների համար հագուստներ ընտրելիս ևս ինքը հետևում է մանկական նորաձևության միտումներին․ «Երեխաներիս համար look-եր ընտրելիս հետևում եմ նորաձևությանը։ Տղայիս պարագայում ստացվում է ոճային կերպարներ ստանալ, իսկ աղջկաս դեպքում, ով դեռ 10 ամսական է՝ մի փոքր բարդ է։ Երբեմն աղջկաս համար գնում եմ շատ ոճային ինչ-որ զգեստ, սակայն իրեն կրելու տեսանկյունից հարմար չի լինում։ Իրեն այդ հագուստով կարող է մի քանի լուսանկար անեմ, սակայն առօրյայում չի կրում, որովհետև այդ տարիքի երեխայի համար հարմար չի լինում։ Մանկական նորաձևությանը ևս շատ եմ հետևում՝ և՛գունային առումով, և՛ ոճի։ Սիրում եմ, երբ աղջիկ երեխաները սև զգեստ են հագնում, որովհետև դա բավականին ոճային եմ համարում։ Հայ հասարակության համար մի փոքր բարդ է համակերպվել այն մտքի հետ, որ մանկասայլակը կարող է սև լինել, բայց ինձ համար դա շատ նորաձև է»։