Մարգարիտա Գրիգորյանը ազատման դիմում է գրել. պաշտոնանկություններ Հ1-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում տեղաշարժեր, պաշտոնանկություններ են սպասվում։ InfoPort.am-ի աղբյուրները հայտնում են, որ չի բացառվում՝ հեռուստաընկերության ղեկավար կազմը և լրատվական քաղաքական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանը հեռանան զբաղեցրած պաշտոններից։ Ավելին, մեր տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն ազատման դիմում է գրել։ Այդ մասին, հավանաբար պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի առավոտյան։

InfoPort.am-ի թղթակցի բազմաթիվ զանգերը Մարգարիտա Գրիգորյանին մնացին անպատասխան․ նրա հեռախոսն անհասանելի էր։ Հեռախոսազանգերին չպատասխանեց նաև Հանրային հեռուստաընկերության մամուլի պատասխանատու Տիգրան Դանիելյանը։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հրաժարվեց որևէ տեղեկություն տալ՝ նշելով, որ այսօր կիրակի է։ Հարցին, թե կարո՞ղ է հաստատել Մարգարիտա Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման մասին տեղեկությունը, Շիրինյանը պատասխանեց․ «Ես ոչ մի բան չեմ հաստատում, ոչ մի բան չեմ մեկնաբանում»։

(Visited 1 181 times, 1 visits today)