«Թարմացում. մանկապարտեզները կդադարեցնեն իրենց գործունեությունը հունիսի 20-ից, աշխատող մանկապարտեզների համարները մոտակա օրերին պարզ կլինեն։
Պարետատան նիստից հետո կայացած այսօրվա ճեպազրույցին մասնակցեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և իր խոսքում անդրադարձ կատարեց մայրաքաղաքում գործող մանկապարտեզներին։ Նա իր խոսքում ասաց, որ այժմ քննարկվում է մանկապարտեզները կրկին փակելու հարցը, դեռ հստակ չէ որոշումը, բայց հավանաբար յուրաքանչյուր վարչական շրջանում կաշխատի 1 կամ 2 մանկապարտեզ, որտեղ կկարողանան հաճախել այն բալիկները, ում ծնողները աշխատանքի բերումով կամ այլ պատճառով չեն կարողանա այլ կերպ կազմակերպել երեխայի ցերեկային խնամքը, և երեխաներն էլ տվյալ վարչական շրջանի մանկապարտեզների սաներ են։
Նորից եմ կրկնում, սա դեռ հաստատված չէ, առայժմ քննարկվում է, թե ինչպես պիտի կազմակերպվի այս ամենը, այդ պատճառով լրացուցիչ ոչ մի հարցի առայժմ պատասխանել չեմ կարողանա։ Բայց հաստատված տեղեկություն լինելուն պես տեղյակ կպահեմ։ Քանի դեռ որոշումը չկա, մանկապարտեզները շարունակում են աշխատել այնպես, ինչպես աշխատում էին մինչ օրս»,-այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը։