«Ինձ չէր կարելի անծանոթ մարդկանց հետ խոսել, եթե իր հետ չեմ։ Չէր ուզում, որ շփվեմ ոչ մեկի հետ, նույնիսկ մտերիմ ընկերներիս։ Տնից դուրս գալիս, անգամ խանութ գնալիս, պետք էր ասել։ Իսկ եթե ինչ-որ բան իր ուզածով չէր, սկսում էր բղավել, վիճել, կարող էր հրել կամ ապտակել։ Հերթական վեճից հետո, երբ փորձեց համբուրել, չթողեցի, իսկ ինքը խեղդելու աստիճանի ուժեղ բռնեց վիզս ու ասաց՝ իրավունք չունեմ մերժել իրեն»։
Սա մի աղջկա՝ պայմանական Գ․-ի պատմության փոքրիկ մասն է միայն, որը լսեցի աբյուզային հարաբերությունների մասին այս հոդվածը պատրաստելիս։ Նմանատիպ պատմություններ, ցավոք, շատ կան, բայց առավել ցավալի է, երբ հոգեբանական ու ֆիզիկական բռնությունն արդարացվում է հանրության կողմից «դե, ոչինչ, մի անգամ էլ խփել է», «խանդում է, ուրեմն շատ է սիրում» եւ չհիմնավորված այլ արտահայտությունների միջոցով։ Արդյունքում տուժում ենք բոլորս։
Աբյուզային հարաբերություններով անցած եւս մի քանի մարդիկ անանունության սկզբունքով (հոդվածում եղած անվան առաջնատառերը փոխված են) համաձայնեցին կիսվել ինձ հետ իրենց պատմություններով, իսկ հարաբերությունների հոգեբան Քրիստինե Ասլանյանի հետ մենք փորձեցինք գծել աբյուզային հարաբերություններ ասվածի շրջանակը։
«Աբյուզիվ են համարվում այն հարաբերությունները, երբ զույգից մեկն իր հոգեկան հանգստության համար հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում է գործադրում մյուսի վրա։ Այսինքն տվյալ զույգը ագրեսոր-զոհ հարաբերության մեջ է։ Զույգից մեկն իր էմոցիան դուրս է բերում ագրեսիայի տեսքով, որ հետո այն արդարացնելու համար վերցնի փրկչի դերը՝ ասելով, օրինակ, ես փրկում եմ քեզ քո վատ շրջապատից»,- նշում է Քրիստինե Ասլանյանը։
Հոգեբանական աբյուզի ամենահաճախ հանդիպող դրսեւորումներն են՝
● չպատճառաբանված ու շարունակական խանդը
● մեղքի զգացում ներշնչելը
● կյանքի տարբեր ոլորտները ղեկավարելը
● տարատեսակ սահմանափակումներն ու արգելքները
● ոչ օբյեկտիվ քննադատությունը
● ներշնչելը, որ դիմացինի պահելաձեւը ոչ ադեկվատ է
● դիմացինի զգացմունքներն ու հույզերն անընդհատ արժեզրկելը։
Ֆիզիկական աբյուզի դեպքում ամեն ինչ ավելի պարզ է․ այն ներառում է հրելուց եւ ապտակից մինչեւ ավելի ծանր մարմնական վնասներ պատճառելը, դիմացինի կամքին հակառակ որեւէ ֆիզիկական գործողություն կատարելը։ Շատ կարեւոր է նշել, որ նույնիսկ մարմնական բռնության մասին սպառնալիքն արդեն բռնություն է։
Հոգեբանական աբյուզ․ կորցնելու վախ, սահմանափակումներ ու մեղադրանքներ
Գ.-ի պատմությունը
Սկզբում շատ սիրահարված էի, նշանակություն չէի տալիս իր ասածներին։ Խնդիրները հետո սկսվեցին։ Անընդհատ ասում էր, որ իմ աչքն ուրիշի վրա է, վիրավորական բառեր էր օգտագործում։ Բայց ես եմ իր ծննդյան օրն իրեն խնջույքին հրավիրված աղջիկներից մեկի հետ տեսել։ Իսկ ինքն անգամ ներողություն չխնդրեց դրա համար։ Ասում էր, որ երկուսիս էլ սիրում է։ Նույնիսկ, իբրեւ պատահական, երեքով հանդիպումներ էր կազմակերպում։ Վեճեր հաճախ էին լինում։ Մի անգամ կռվելուց հետո ինձ մոտ խուճապային գրոհ սկսվեց, չէի կարողանում շնչել, իսկ ինքը թողեց եւ գնաց։ Տանը չէի պատմում։ Դրա համար բաժանումից հետո մայրս ասում էր՝ բայց ինքը շատ լավ ու կիրթ տղա էր։
Մ․-ի պատմությունը
Ի սկզբանե այլ տպավորություն էր թողել։ Հետո հարաբերությունների ընթացքում նկատեցի, որ գաղափարապես շատ տարբեր ենք։ Ինձ համար խնդրային էր իր մտածելակերպը, բայց շարունակում էինք հանդիպել, քանի որ անընդհատ խոսք էր տալիս, որ կփոխվի։ Ու անվերջանալի շրջան էր ստացվում։ Իսկ հասկանալը, որ հարաբերություններն անառողջ են, նույնիսկ երբ կողքից են ասում այդ մասին, չի օգնում դուրս գալ այդ ամենից։ Անընդհատ արդարացնում էի ամեն ինչ։ Սահմանափակումները հիմնականում հագուստին էին վերաբերում։ Երբ իրեն դուր չէր գալիս ինչ-որ հագուստ, ասում էր՝ փոխեմ, եթե չէի անում իր ուզածը, կարող էր վիրավորել, գոռալ, հետո նեղանալ, սառը շփվել։ Մենք փոքր քաղաքում ենք ապրում, ինքն ասում էր, եթե ընկերներն ինձ այդ հագուստով տեսնեն, ի՞նչ կասեն։
Շփման սահմանափակումները տղա ընկերներին էր վերաբերում։ Դա իր համար շատ խնդրային հարց էր։ Առհասարակ խանդում էր անգամ ծանոթների հանդեպ։ Իսկ երբ իր հետ կիսվում էի ինչ-որ հարցով ու իր էմոցիոնալ աջակցության կարիքն էի ունենում, ինքը շատ անտարբեր էր լինում կամ ասում էր, որ ոչ մի խնդիր էլ չկա, ես եմ հորինել։
Ն․-ի պատմությունը
Հարաբերությունների սկզբում մտածում էի, որ ինքն ամենահրաշալի մարդն է։ Շատ ուշադիր էր։ Հնարավոր բոլոր ձեւերով սիրտս փորձում էր շահել։ Ասում էր, որ միշտ կարող եմ հույսս իր վրա դնել։ Տոքսիկ շրջանը աստիճանաբար սկսվեց։ Անընդհատ խնդրում էր, որ օգնեմ իրեն այս կամ այն հարցում։ Հիմնականում համալսարանի դասերն անելու հետ կապված։ Իսկ երբ շատ հոգնած էի լինում ու ասում էի, որ այդ անգամ չեմ կարող օգնել, պատասխանում էր, որ ես եմ ընտրել իմ զբաղված գրաֆիկն ու արդեն սովոր եմ։ Երբ ինչ որ վեճ կամ խնդիր էր լինում, շարունակ ինձ էր մեղադրում, իմ ամեն երկրորդ բառը դարձել էր «կներես» ասելը, փոխարենն ինքը երբեք ներողություն չի խնդրել։ Հետո իմ կյանքում էլ էր բարդ էտապ, ընտանեկան հարցեր կային, ես իրենից աջակցություն էի սպասում, որը չստացա։ Աշխատելուս էլ էր դեմ։ Ասում էր, որ եթե իմ փոխարեն լիներ, չէր աշխատի, իր վրա հոգս չէր վերցնի։ Հարաբերությունների ընթացքում ես հասկանում էի, որ հոգեպես լավ չեմ, մասնագետի դիմելու կարիք էի զգում, բայց ասում էր, որ ներշնչել եմ կամ հորինել։ Իսկ արդյունքում ինձ մոտ բիպոլյար խանգարում հաստատվեց։
Մանրամասնում է հոգեբանը
Սովորաբար աբյուզերը սկսում է հարաբերություններն իր մեջ եղած լավագույնը ցույց տալու ձգտումով՝ միայն թե դիմացինը հավատա, որ ինքը կատարյալ է, բավարարի վերջինիս սիրո պահանջմունքը եւ փրկի տանջող միայնությունից կամ խնդիրներից։ Իսկ այդ թաքցված հոգեբանական խնդիրները սկսում են ժամանակի հետ ի հայտ գալ, քանի որ մենք կատարյալ չենք։ Իսկ զոհը մտնում է հարաբերության մեջ՝ հավատալով այն ամենին, ինչ իրեն ցույց է տվել դիմացինը։
Աբյուզային հարաբերություններում տղամարդիկ հիմնականում խանդում են որոշակի բարդույթներից դրդված, ինքնավստահության պակասից կամ էլ սեփական փորձը դիմացինի վրա արտապատկերելու արդյունքում՝ «ես դավաճանել եմ, ինձ էլ կդավաճանեն» սկզբունքով։
Մեղադրանքները եւս ագրեսիան դուրս բերելու տարբերակ են։ Հաճախ աբյուզերների արարքների մեջ պետք չէ փորձել գտնել տրամաբանություն կամ հետեւողականություն. իրենք այդպես են արել, քանի որ այդ պահին այդպես են զգացել։
Բացի այս աբյուզերի դերում գտնվող մարդը կորցնելու վախ ունի։ Մի շարք սահմանափակումներ հենց այս պատճառով են ի հայտ գալիս, օրինակ, աշխատանքի հետ կապված արգելքները։ Չէ՞ որ հեշտ է կողքիդ պահել մի մարդու, որն ինքն իրեն չկայացած է զգում։ Հակառակ դեպքում, ինչպես մտածում է աբյուզերը, նա կդառնա ավելի լավը եւ մի օր կլքի իրեն։
Հագուստին վերաբերող արգելքները եւս կորցնելու վախից են առաջանում․ քեզ կտեսնեն, կծանոթանան, դու իրենց հետ կգնաս։
Նույն կորստի վախից դրդված՝ ագրեսորը կարող է հրաժարվել որոշակի սահմանափակումներից վեճերից հետո, որպեսզի խուսափի հնարավոր բաժանումից։
Աբյուզերի դերում գտնվող մարդը կարող է նաեւ խղճահարություն առաջացնել, որպեսզի ղեկավարի զոհի դերում գտնվողին եւ վերջինս անի այն, ինչ իրենից պահանջում են։
Ֆիզիկական աբյուզ. տագնապ, ամոթ, վախ
Գ․-ի պատմությունը
Լինում էին պահեր, երբ ահավոր բռնկվում էր։ Մի անգամ իր մանկության նկարներից էր ցույց տալիս ու ասաց, որ նկարում գտնեմ իրեն։ Ես շփոթվեցի ու սխալ ասացի։ Ի պատասխան դրան, նա նյարդայնացավ ու սեղանին դրված մոմակալը շպրտեց վրաս, ճակատիս հատվածը վնասվեց։ Եթե չէի պատասխանում զանգերին, գալիս էր մեր տան դուռը թակում ու հարցնում, թե ինչու չեմ պատասխանում։ Հերթկան նման դեպքից հետո եկավ առավոտյան ժամը յոթին, ասաց՝ արի խոսենք։ Դուրս եկա։ Խոսակցության ժամանակ էլի սկսեց քաշքշել, հրել, ուժեղ բռնել թեւերիցս։ Նման բաներ կարող էր նաեւ հասարակական վայրերում անել, իսկ երբ ինչ-որ մեկը մոտենում էր, որ օգնի, ինքն ասում էր՝ «Իմ ընկերուհին է, ինչ ուզեմ, կանեմ»։
Ն.-ի պատմությունը
Ինքը վիզս բռնելու սովորություն ուներ։ Սկզբում դա ընդունում էի որպես կատակ, բայց երբ ցավեցնում էր, խնդրում էի, որ էլ չանի։ Ասում էր՝ լավ, բայց նորից նույնն էր կրկնվում։ Կարծես չէր ընկալում, որ իսկապես ցավեցնում է։ Ամենավատ դեպքերից էր այն, երբ մի անգամ եղբորս տեսա, որին ինքը չէր ճանաչում, բարեւեցի, գրկեցի, նկատեց դա ու շատ ուժեղ բռնեց վիզս, հարցնում էր՝ «Էդ ո՞վ ա»։ Մի քանի օր մատների տեղերը մնացել էին վզիս հատվածում։ Վեճեր էին լինում նաեւ, երբ ասում էի, որ չեմ սիրում, երբ ինձ շատ են դիպչում, գրկում։ Ինքը պատասխանում էր՝ «Սահմաններ չպետք է լինեն, դու իմ ընկերուհին ես, պետք է միշտ ուզես, միշտ համաձայն լինես։ Չէր հասկանում, որ ես պարզապես կարող եմ ինչ-որ բան չուզել»։
Մանրամասնում է հոգեբանը
Աբյուզերին հատուկ վարք դրսեւորող տղամարդիկ սովորաբար ունեն իշխանության պահանջմունք։ Դա բավարերելու համար նրանք ֆիզիկական բռնության են դիմում, որ վախ ներշնչեն։ «Ես քեզ հիմա կծեծեմ, որ իմանաս՝ որտեղ էլ լինես, կգտնեմ քեզ, ինձնից փախչելու տարբերակ չունես»․ մոտավորապես սա է աբյուզերի ուղերձը։
Զոհը չի կարողանում հակադարձել ֆիզիկական բռնությանը վախի կամ ամոթի պատճառով։ Մեզ փոքր տարիքից ասում են՝ «Վեճը տան պատերից դուրս մի՛ հանիր, լռի՛ր, դիմացի՛ր, տղամարդ է, մի բան էլ ավելի կասի»։ Այս ամենն առաջացնում է խորքային համոզմունքներ, որոնք էլ ամոթի եւ վախի պատճառ են դառնում հետագայում։
Հավելենք, որ զոհի դերում գտնվող մարդիկ հեշտ են տրվում մանիպուլյացիաներին եւ անընդհատ տագնապի ու վախի մեջ են ապրում։ Նրանք մարդիկ են, որ իրենց առանցքը կորցրել են։ Ես դրան ասում եմ՝ կոորդինատային հարթությունում իրենց տեղը չեն գտել։ Նրանք հակված են արգելափակել ցանկացած լուծման տարբերակ, որը կօգնի դուրս գալ աբյուզային հարաբերությունից։
Ինչպես ավարտվեց ամեն բան
Գ.-ի պատմությունը
Ես ամեն ինչ մեջս էի պահում։ Արդեն ֆիզիկապես չէի կարողանում շարունակել այդ հարաբերությունները։ Նյարդայնանալուց ամբողջ մարմինս քոր էր գալիս ու այնքան էի ինքս ինձ քորում, որ ահավոր վերքեր էին առաջանում։ Վերջին շրջանում կարծես հաշտվել էի, որ ամեն ինչ նույն կերպ է լինելու, ու չէի լացում, ինձ պատեպատ չէի տալիս, քարի դեմքով նայում էի իրեն, մինչեւ կգոռա, կվերջացնի, ինչից ինքն ավելի էր բարկանում։
Երբ բաժանվեցինք, ասաց, որ կհասկանա, բայց շարունակում էր զանգել, գալ մեր տուն, ասել, որ սխալվել է։ Ասում էր, որ մեր բաժանումից հետո իմ պատճառով ինքը սկեց խմել, թմրանյութեր օգտագործել։ Երբեմն սպառնում էր, որ ինքնասպան կլինի։
Այս ամենից հետո նոր հարաբերություններ սկսելու վախ ունեմ։ Մտածում եմ, որ ամեն ինչ նույն կերպ կլինի։ Հիմա ուղղակի շփվում եմ մի տղայի հետ։ Զգում եմ, որ իրեն դուր եմ գալիս, բայց թեթեւ խանդ եմ զգում իր կողմից, ու դա ինձ վախեցնում է։
Մ.-ի պատմությունը
Հարաբերությունների ընթացքում մենք անընդհատ բաժանվում ու միանում էինք։ Սովորաբար բաժանումից հետո ասում էր, որ ամեն ինչ հասկացել է, որ փոխել է կարծիքը այս կամ այն հարցի շուրջ, հաշտվում էինք, իսկ երկու օր հետո սկսվում էր նույն բանը։ Իսկ վերջնականապես մեր հարաբերությունները ընդհատվեցին իր նախաձեռնությամբ։ Ասաց, որ զգացմունքները սառել են։ Ինձ համար սպասելի էր, քանի որ հաճախ էինք վիճում։ Քանի որ վերջերս ենք բաժանվել, ինձ համար դեռ ծանր է. հաղթահարման փուլում եմ։
Ն.-ի պատմությունը
Բաժանումից հետո առաջարկում էր, որ ընկերներ մնանք։ Բայց ես, իհարկե, համաձայն չէի։ Հետո իմացա, որ հարաբերությունների ընթացքում շատ տարբեր աղջիկների հետ է եղել, մինչդեռ ինձ էր ասում, որ եթե այլ երկիր գնամ սովորելու, ինչ ուզեմ, կանեմ, իսկ իրեն կմնա ինձ սպասելը։ Սկզբում ծանր էր ինձ համար բաժանումը։ Մի քանի օր հետո հոգեբանի եմ դիմել։ Բավական երկար ժամանակ գնացել եմ թերապիայի ու դրա շնորհիվ եմ հասկացել, թե ինչի միջով եմ անցել։ Ես նույնիսկ հոգեբանին այցելելու ընթացքում էի համոզված, որ ես եմ մեղավոր եղել, բայց նա հարցնում էր ինձ՝ «Իսկ կարո՞ղ ես ասել, թե կոնկրետ ինչում ես մեղավոր։ Վերլուծելով այն, ինչ եղել է, շատ բան հասկացա»։
Մանրամասնում է հոգեբանը
Աբյուզային հարաբերությունների դեպքում լավագույն լուծումը դրանք ընդհատելն է։ Իսկ թե ինչպես անել դա, կախված է կոնկրետ տվյալ դեպքից։ Եթե զգում եք ֆիզիկական սպառնալիք կամ շարունակ ենթարկվում եք ֆիզիկական բռնության, լավագույն ձեւն այդ մարդու կյանքից ուղղակի անհետանալն է։ Էմոցիոնալ մանիպուլյացիաների դեպքում, կարելի է խոսել եւ, օրինակ, ասել՝ «Ես ինձ զգում եմ չգնահատված, չբավարարված, եւ իրավիճակը չի փոխվում»։ Կան դեպքեր, երբ անհրաժեշտ է դիմել հոգեբույժի օգնությանը, օրինակ՝ պսիխոպաթիայի պարագայում։
Ես ամեն դեպքում կողմ չեմ այս խնդրի ծայրահեղացմանը, քանի որ աբյուզային հարաբերություններին բնորոշ տարրեր կարելի է գտնել ցանկացած զույգի մոտ։ Այստեղ կարեւոր է այդ ամենի տեւողությունը, քանակը։
Վերջում հիշեցնենք՝ մենք երջանիկ ենք դառնում հարաբերությունների մեջ, երբ նախքան այն սկսելն արդեն երջանիկ ենք, իսկ բռնությունն արդարացում չունի ցանկացած պարագայում:
Սոնա Վարդանյան
BRAVO.am