6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել, Անժելային, որ ութ ամսվա հղի էր, փողոցում մերկացրել էին․․․

«Մարաղան առաջին գյուղն էր, որտեղ կռվեցի: Մարաղայից հետո նորմալ մնալն անհնար էր:

Սարսափ ֆիլմերից ավելի ահավորը ես իրականում եմ տեսել. գերեւարված, բռնաբարված ու մորթատանջ արված դիակներ, 6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել, մեծ կանանց կտրած գլուխներ. ո՞րը պատմեմ, ո՞նց պատմեմ…»։

Իսկ առաջին բոթը՝ մտերիմ ընկերուհուն` Անժելային, որ ութ ամսվա հղի էր եղել, բանուկ փողոցում մերկացրել էին, պղծել, ողջակիզել:

Հետո ամուսինն էր. «Տասներեք հոգով հարձակվեցին Վիկտորի վրա, լայնշեղբ դանակներով մարմինը ծվատեցին, հետո մեկը գլուխը կտրեց ու մազերից բռնած ճոճեց Անահիտի աչքերի առաջ…»։

Նույնիսկ կարդալը սարսափելի է։ Անհավատալի է այնքան, այնքան անմարդկային է, որ ինքնապաշտպանական զգացումը փորձում է կարդացածը ուղղակի «գրվածք» դարձնել։ Ուզում ես ասել՝ վայ, իմ սիրտը չի դիմանա, որ կարդամ… բայց հասկանում ես այդ մտքիդ աբսուրդը. Սա եղել է, մարդիկ այսպիսի անմարդկային մահով են անցել, ու դա տեսնողը, սա ապրողը կին է՝ Անահիտ Մարտիրոսյան։

Թեպետ՝ ադրբեջանցին մոռանալ չի էլ թողնի…
Կին։ Ի՞նչ կին՝ «24 տարեկան էի, քաշս՝ 45 կիլոգրամ»: 24 տարեկանին մենք երեխա ենք ասում, նույնիսկ եթե իր երեխաներն ունի։

Ու ախր միայն տեսնել-պատմելը չէ՝ այս հերոս կինը, այս երեխատեր երեխան կռվել է։ Իր ոտքով գնացել է պատերազմ ու կռվել է։ Այսքան կամք…

Անահիտը այնքան է պնդում, որ նրան ռազմաճակատ են ուղարկում որպես բուժքույր։ Քաջ աղջիկը փրկում է 14 վիրավոր զինվորի կյանք, ու նրանք էլ դիմում են Կոմանդոսին, որ ջոկատ ստեղծեն՝ Անահիտ Մարտիրոսյանի հարամանատարությամբ։ Դա էլ Անահիտի «Անահիտն» է. «Պարգեւ Սրբազանը մեզ կցեց նաեւ Ռուսաստանից եկած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին, որոնք եկել էին հայերի հետ միասին կռվելու: Այդպես ստեղծվեց մեր հետախուզական ջոկատը»։

Կուզեի հանդիպել հետը, բայց խոսեցնե՞լ այս մասին… ։ Չէ։

«Մեզ հիշում են կամ մայիսի 9-ին, կամ որեւէ այլ իրադարձության ժամանակ: Միայն դպրոց կանչելուց է, որ հիվանդ էլ լինեմ, սիրով գնում եմ: Մյուսներից, ճիշտն ասած, արդեն հոգնել եմ: Այնպիսի տպավորություն է, որ մտնում ու սկսում են փորփրել քո կյանքը, իսկ պահ է լինում, երբ ուզում ես ամեն ինչ մոռանալ: Առանց այն էլ ես գիշերները չեմ քնում, մղձավանջների մեջ եմ: Ամեն անգամ վերհիշելուց ցավ եմ ապրում… թե էսքանը քեզ ինչի եմ պատմում, չգիտեմ»,- պատմել է Անահիտը «Մեդիամաքսին»:

Ինչքան էլ պատմի։ Ապրեք, ձեզ համար կյանք են նվաճել.

«Վրեժդ լուծելուց բավականություն ես ստանում, մեծ բավականություն: Թուրքը պետք է իմանա, որ 1915 թվի հայը չկա, հիմա հայը պայքարող է, չհանդուրժող, ոչ մի քայլի համար հայը նրան անպատասխան չի թողնելու:

Գիտես, ես, երեւի, լուծեցի իմ վրեժը, բայց դրան զուգահեռ շատ բան կորցրեցի. կորցրեցի իմ հանգիստը, հոգու՝ առանց այդ էլ փոթորկված խաղաղությունը։

Վրեժից բացի ես իմ ջոկատով դիրք եմ ազատագրել: Դրանից վեր ոչինչ չգիտեմ՝ ոչ փող, ոչ ունեցվածք. ոչինչ չի կարող հավասարվել հայրենի հողն ազատագրելու անբացատրելի զգացումի հետ: Մենք մեր հողի գույնն ունենք, չպետք է թույլ տանք, որ դրա վրայով օտարը քայլի»:

Ապրենք՝ մեզ համար հայրենիք են ազատագրել։
Ապրենք խոնարոհւմով ու շնորհակալությամբ։

(Visited 140 times, 1 visits today)