«4 տարի պահանջվեց, որ նրան ջնջեմ իմ կյանքից». Լիա Զախարյանը

Իրեն բնորոշելիս նա միշտ ասում է՝ աշխատասեր եմ, և դա բնութագրվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած սեփական անձի զարգացումից, վերջացրած մասնագիտական գործունեությամբ: Դերասանուհի Լիա Զախարյանը միշտ աչքի է ընկնում պոզիտիվով, սակայն նրա կյանքում էլ կան բաց կետեր, որոնց մասին հիմնականում չի խոսում:Իր զգացմունքային դաշտը Լիան նախընտրում է փակ պահել, սակայն այս հարցազրույցը բացառություն է: Լիան խոսել է սիրելու, կորցնելու, զգացմունքների, հայր չունենալու պատճառով ունեցած անքուն գիշերների և ոչ միայն այդ ամենի մասին:Վերջերս ամեն օր արթնանում եմ ու հասկանում, որ ուրիշ մարդ քնեց, ուրիշն արթնացավ: Իմ փոփոխությունների պատճառ դարձան իրավիճակները, որոնցում հայտնվեցի, մարդիկ, որոնք եկան իմ կյանք ու գնացին, ձեռքբերումներս, որոնց հասել եմ իմ ուժերով, կորուստներս, որոնք եղան անկախ ինձնից՝ իմ թուլության կամ անուշադրության պատճառով, իմ հարազատները, որոնք ինձ թևեր ու ազատություն են տալիս:Ես մանկուց պերֆեկցիոնիստ եմ եղել, փորձել եմ կատարելագործվել: Միշտ մտածել եմ, որ մարդը պետք է ինտելեկտուալ ռեսուրս ունենա իր մեջ, դրա համար լավ եմ սովորել, չեմ բավարարվել մի մասնագիտությամբ, 3 համալսարան եմ գնացել:Ինչ վերաբերում է արտաքնին՝ ամեն տարիքում քեզ թվում է, թե իդեալական ֆորմայի մեջ ես: Հիմա հետ եմ նայում, մտածում եմ, որ 17 տարեկանում թմբլիկ էի, 58 կգ-ն իդեալական չէր, բայց այդ տարիքում ես ինձ իդեալական էի զգում: Մեր չափանիշները փոխվում են, և ես աշխատում եմ համապատասխանելու իմ չափանիշներին: Ես աշխատասեր եմ, դրա շնորհիվ կրթված եմ, կանոնավոր մարզվում եմ, ունեմ ձիգ, սլացիկ, առողջ մարմին, չեմ տրվում որկրամոլությանը, գայթակղվում այն ամենով, ինչն այսօր գրավիչ է երիտասարդների համար:Իմ կյանքում եղել են մարդիկ, որոնց շնորհիվ ես իմ մեջ նոր Լիայի վերագտա: Երբ ինչ-որ մեկին կորցնում ես, դեպրեսիայի մեջ ես ընկնում, բայց հասկացել եմ, որ ոչ ոք հենց այնպես չի հայտնվում մեր կյանքում: Յուրաքանչյուրն իր միսիան ունի մեր «ես»-ի ձևավորման, ճակատագրի մեջ: Կան մարդիկ, որոնց միջոցով ես հասկացա, որ պետք չէ շատ ընկերներ ունենալ, շատերի հետ շփվել, կիսվել, շատ բան անել ու ակնկալել: Եղել է մարդ, որի միջոցով հասկացել եմ, որ այն, ինչ հիմա անում եմ իմը չէ, պետք է փոխեմ իմ գործառությունը, կարգավիճակը, նպատակներն ու ցանկությունները:Իմ կյանքում 2 դեպք է եղել, որոնք արմատապես ազդել են իմ ապրելաոճի, զգացմունքային դաշտի, բնավորության վրա: 23 տարեկանում ձեռք բերեցի ինձ շատ հարազատ մարդու, որին ամիսներ անց կորցրի: Դա միակ դեպքն էր, որից հետո ես երկարաժամկետ դեպրեսիա ունեցա: 4 տարի պահանջվեց, որպեսզի ես իմ գիտակցության միջից ջնջեմ նրան, հասկանամ, որ նա չկա ու չի լինելու: Այդ 4 տարվա ընթացքում ես սպասում ունեի, որ չի գնացել, մոտակայքում է, ինձ նայում է, լսում, զգում ու հարմար առիթի է սպասում, որ վերադառնա: Ես միշտ պատրաստ էի ընդունել իրեն: Հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ այդ 4 տարվա ընթացքում ես աշխատել եմ ինձ վրա, նոր Լիա է ծնվել:Այդ ժամանակ ես անընդհատ մտածում էի՝ իմ մեղավորությունն է, ինչ-որ տեղ վրիպել եմ, որ իրեն կորցրել եմ, որովհետև մենք մարդկանց ձեռք ենք բերում և կորցնում ենք մեր ցանկությամբ և գործողություններով: Հիմա հասկանում եմ, որ դա իմ մեղավորությունը չէր, դա իմ ճակատագիրն էր: Ես ոչ թե պետք է տխրեմ, որ ինքը չկա, այլ ուրախանամ, որ այն ժամանակ է գնացել: Միևնույն է, գնալու էր, ավելի լավ է, որ այն ժամանակ գնաց, քան հիմա գնար:Վերջերս ևս հարազատ մարդու ընդունեցի իմ կյանք: Երբ խոսում էինք կորուստներից, հարցրեց՝ ինչի՞ համար ես ափսոսում, ասացի՝ իմ 4 տարվա, որովհետև ես չեմ համարում, որ մենք 7 ամիս ենք ունեցել շփում, հարազատություն, հարաբերություն, ես մոռանում եմ  այդ ամիսն ու հիշում այն 4 տարին, որոնց ընթացքում սպասել եմ իրեն: Ասաց՝ Լիա ջան, սխալը քո մեջ էր: Ոչ ոք չի խնդրել 4 տարի սպասես, ակնկալես կամ դեպրեսիա ունենաս: Երբ նա գնաց, դու պետք է ամեն ինչ նորից սկսեիր: Այդ խոսքերից ես հասկացա, որ ոչ ոք արժանի  չէ, որ ես գեթ 1 ամիս հիշեմ, մտածեմ, տանջվեմ… եթե այդ մարդը չի գնահատում այն 4 տարին, որոնց ընթացքում ես սպասել նախորդ եմ հարազատ մարդուն, ուրեմն իրեն էլ արժանի չի համարում, որ խնդրի դեպքում սպասեմ իրեն: Այդպես էլ եղավ: Մեր բաժանումից հետո ինձնից քիչ ժամանակ պահանջվեց իրեն ջնջելու համար: Եթե առաջին դեպքում ինձնից 4 տարի պահանջվեց, հիմա՝ 4-5 ամիս:

(Visited 65 times, 1 visits today)