Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Dior օծանելիքի տան ստեղծագործական տնօրեն

Այսուհետ Դիորի բուրմունքները կլինեն հայկական ստորագրությամբ: Ֆրանսիական հանրահայտ Christian Dior Parfums-ի ստեղծագործական նոր տնօրեն է դարձել ֆրանսահայ անվանի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը:

«Ֆիգարո» ֆրանսիական պարբերականը նշում է, որ սա «գեղեցկության արդյունաբերության» ամենացանկալի պաշտոններից մեկն է:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ ոգեշնչող պատմությամբ եւ ստեղծագործական ոգով վճռականորեն դեպի ապագա ձգտող օծանելիքի տանը: Ուրախ եմ, որ կկարողանամ փոխանցել իմ տեսլականը հոտավետ ստեղծագործություններով՝ միաժամանակ շարունակելով ստեղծագործել իմ սեփական օծանելիքի տան համար»,-պաշտոնի ստանձնման մասին հաղորդագրության մեջ նշել է նա:

Ֆրանսահայ օծանելիքագործն արդեն իսկ ստեղծել է երկու օծանելիք Դիորի համար:

Նա օծանելիքի աշխարհում իր անունը ձեռք է բերել 24 տարեկանում՝ ստեղծելով «Le Mâle»-ը Ժան-Պոլ Գոտյեի համար:

Նախկին պարողը համագործակցել է հայտնի բազմաթիվ օծանելիքագործների հետ եւ բուրմունքներ ստեղծել այնպիսի հանրաճանաչ ապրանքանիշերի համար, ինչպիսիք են «Elie Saab»-ը, «Burberry»-ն, «Lancôme»-ը, «Giorgio Armani»-ն եւ «Nina Ricci»-ն:

2009-ին նա հիմնել է իր անունը կրող ապրանքանիշը: Իր «բուրումնավետ տունն» առաջարկում է նաեւ անհատական օծանելիքների ստեղծում:

52-ամյա Քուրքջյանը շեշտել է՝ չի սիրում, երբ օծանելիքի վարպետներին «քիթ» են անվանում: «Պետք է հասկանալ, որ օծանելիքագործը ոչ թե ֆիզիկական գործ անող, այլ՝ գաղափար արտահայտող մեկն է, ինչպես երաժիշտը, որը սկզբում ստեղծագործում է իր գլխում, այնուհետեւ նվագում է իր նոտաները եւ դաշնամուրի վրա դասավորում իր ակորդները: Դա իսկական ստեղծագործական գործողություն է: Ես երբեք չեմ ստեղծագործում՝ ասելով ինքս ինձ՝ կդնեմ վարդ, վանիլ կամ այլ բույր… Ես միշտ սկզբում գտնում եմ անունը, այնուհետեւ՝ այն զգացումը, որն ուղեկցում է: Հումքի գաղափարներն ավելի ուշ են գալիս»,-պատմել է Քուրքջյանը:

Հետաքրքիր է, որ մշտապես սպիտակ վերնաշապիկով լուսանկարվող օծանելիքագործը Դիորում պաշտոն ստանձնելու լուսանկարներում փոխել է ոճը եւ ներկայացել սեւ վերնաշապիկով:

Ֆրանսիս Նուրհան Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին՝ Փարիզում: Նրա նախնիները Արեւմտյան Հայաստանից են, գաղթել են Ցեղասպանության ժամանակ եւ հայտնվել Հալեպում, իսկ հետագայում՝ հաստատվել Ֆրանսիայում: Նրա հայրական պապը զբաղվել է մորթեղենի վաճառքով, որտեղից էլ ծագել է իրենց ազգանունը (քուրք բառից)։

(Visited 8 times, 1 visits today)