Մեղադրանք է առաջադրվել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին

Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ-ն՝  ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ինչպես արդեն նշվել է, Սեյրան Օհանյանը երեկ կայացած լրագրողների հետ զրույցում իրեն առաջադրված կասկածանքը չի ընդունել։

Նա շեշտել է, որ իր հետ «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարման գործընթացը որևէ կապ չունի, այդ գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը. «Խոսքը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարմանը, որն իրականացվել է Կառավարության կողմից։ 2002 թվականին այն փոխանցվել է ՊՆ-ին, 2010 թվականին օտարվել է, բնականաբար, ես և ՊՆ-ն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ։ Կառավարության որոշմամբ փոխանցվել է և օտարվել է: Կառավարության որոշումները անցնում են միջգերատեսչական համաձայնություն և պետության բոլոր կարևոր մարմինների կողմից համաձայնեցում ստանում են։ Սրանով ավարտվում է այն ֆորմալ մասը, որը վերաբերում է ՊՆ-ին։ Օտարման հիմնական գործընթացը իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետև մասնագիտական առումով «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի արդյունավետությունը, վիճակը, դերը, նրա օտարման անհրաժեշտությունը որոշում է մասնագիտական գերատեսչությունը։ Նրանք են ընտրել գնորդ կողմին, գինը։ Փորձագիտական խմբի գնահատմամբ գինը որոշվել է նրանց կողմից։ Այն ժամանակվա օտարման գինը եղել է 10 միլիոն դոլարը, այսօրվա կուրսով կազմում է շուրջ 9,5 միլիոն դոլար։ ՊՆ-ն որևէ շահագրգռվածություն չուներ։ Այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետեւ ինձ հետ որևէ կապ չունի»։

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ինքը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել. «Իրենք ասում են, որ իմ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, ես ցուցմունք չեմ տվել, ստորագրություն չեմ տվել, որովհետեւ ՀՔԾ-ում ես քանի՞ անգամ կարող եմ ստորագրություն տալ, քանի որ «Մարտի 1-ի» գործով էլ ստորագրություն ունեմ։ Տեղեկատվական դաշտում այս ամբողջ թատրոնն անտեղի է, որովհետեւ ՀՔԾ-ն վերջին տարիների իր գործելաոճի շրջանակներում խախտում է նախաքննական գաղտնիությունը, քանի որ կասկածանքը դեռ պետք է ապացուցվի։ Իրենք գիտեն գնորդ կողմին, քանի անգամ է վերավաճառվել, ինչ գներ են տրվել։ Ես այնտեղ Միքայել Մինասյան անուն  չեմ տեսել։ Չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում։ Գիտեք, մինչև ապրիլի 5-ը կարող է այսպիսի մի 10 հատ գործ գտնեն, բայց պետք է ապացուցվի»։

Նշենք, որ երեկ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Սեյրան Օհանյանը կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

 

(Visited 7 times, 1 visits today)