Ինքնաթիռն ընկել է մանկապարտեզի վրա. ողբերգություն, որի մասին լռել են տասնյակ տարիներ

1972թ. մայիսին տեղի ունեցած այս ավիաաղետի մասին լռել են չորս տասնամյակ շարունակ։ Սվետլոգորսկի մանկապարտեզներից մեկի վրա ընկավ ռազմական ինքնաթիռ։ Ողբերգությունը, որը միանգամից թաքցրին, խլել է 35 մարդու կյանք, իսկ վայրը, որտեղ գտնվել է մանկապարտեզը, մի գիշերվա ընթացքում հավասարեցրել են հողին և դրա տեղում ծաղկաթումբ կառուցել։

1972թ. մայիսի 16-ը շարքային օր էր Սվետլոգորսկի մանկապարտեզի համար, չնայած որ այդ օրը Բալթիական ծոցում սովորականից ավելի մշուշոտ էր։ Մանկապարտեզի դաստիարակները վերադարձան առավոտյան զբոսանքից և պատրաստվեցին ճաշի։

Մանկապարտեզի շենքը հարմարավետ երկհարկանի առանձնատուն էր, որում ընդամենը 25 երեխա կար։ Քաղաքի շատ բնակիչներ այդ տարիներին ցանկանում էին իրենց երեխաներին հենց այս մանկապարտեզում տեղավորել, սակայն դա հեշտ գործընթաց չէր. մանկական հաստատությունը «գողական» էր համարվում։ Երեխաների ծնողների ծառայողական դիրքերն արդարացնում էին մանկապարտեզի այս բնութագրումը. ծնողները հիմնականում ոստիկանության հրամանատարներ, դատավորներ, գլխավոր բժիշկներ էին։

Մոտ կեսօրին Ан-24Т ռազմական ինքնաթիռը թռիչք կատարեց կալինինգրադյան Խրաբրովո օդանավակայանից՝ ռադիոտեխնիկական սարքավորումները ստուգելու համար։ Այդ տարիներին հաճախ էին պատահում դեպքեր, երբ անօրինական մասնավոր ինքնաթիռներ էին հայտնվում ԽՍՀՄ տարածքում։ Նմանատիպ դեպքեր տեղի էին ունեցել նաև Կալինինգրադյան շրջանում, այդ իսկ պատճառով տեղի հրամանատարությունը որոշեց ամեն դեպքում ստուգումներ անցկացնել։

Մոտավորապես 12։30-ին Ан-24Т-ը հայտնվեց Սվետլոգորսկում, մառախուղի մեջ։ Այն անթույլատրելի ցածր բարձրության վրա էր շարժվում, և հանկարծակի դրա թևը խճճվեց անտառի բարձր սոճիների մեջ։ Հարվածից հետո 21 տոննա կշռող հսկայական ինքնաթիռը շարունակեց թռչել ևս 200 մ և ընկավ մանկապարտեզի շենքի վրա՝ ամբողջությամբ ավիրելով երկրորդ հարկը։

Ողբերգության առաջին զոհերն ավագ խմբի երեխաներ Տանյա Եժովան և Նատաշա Ցիգանկովան էին, որոնք զբոսնում էին մանկապարտեզի կողքին։ Դեռևս մինչև շենքին բախվելը ինքնաթիռից աղջիկների վրա վառելիք էր լցվել։ Վերջիններս միանգամից հրկիզվել էին, սակայն հաջողել էին ողջ մնալ։

Այրվող ինքնաթիռից թափվեց վառելիքը, կերոսինն այրվեց, մանկապարտեզում հրդեհ բռնկվեց։ Ներսում գտնվողներից ողջ մնացին միայն երկուսը։ Աղետը խլեց 35 կյանք՝ ինքնաթիռի արշավախմբի 6 անդամի, 2 ուղևորի, 24 երեխայի և մանկապարտեզի 3 աշխատակցի։

24 ժամ շարունակ սվերտլոգորսկյան շրջանում արտակարգ դրություն էր հայտարարված։ Բնակիչներին արգելել էին դուրս գալ տներից, անջատել էին էլեկտրականությունն ու հեռախոսները։ Երբ մի քանի ժամ անց ավարտվեց մարմինները փնտրելու գործընթացը, վայրը, որտեղ նախկինում գտնվում էր մանկապարտեզը, հողին հավասարեցրին։

Զոհված երեխաներին և դաստիարակներին թաղեցին մոտակա գերեզմանոցում՝ Սվետլոգորսկ-1 երկաթուղային կայարանից ոչ հեռու։ Որպեսզի լուրերը հնարավորինս քիչ տարածվեին, նույն օրը դադարեցվեց էլեկտրական գնացքների և ճանապարհների գործունեությունը, որոնք կապում էին Կալինինգրադը Սվետլոգորսկի հետ։ Չնայած դրան՝ նույն օրը գերեզմանոցում հավաքվեց շուրջ 10 հազար մարդ։

Թաղման ժամանակ ԽՍՀՄ ՊԱԿ-ն արգելեց լուսանկարահանումը։ Նրանք, ովքեր չենթարկվեցին արգելքին, զրկվեցին իրենց արած լուսանկարներից, քանի որ դրանք այրեցին։ Այնուամենայնիվ, որոշ լուսանկարներ հնարավոր եղավ պահպանել։

Փաստի առթիվ քրեական գործ չհարուցվեց։ Գործը քննվում էր «ծայրահեղ գաղտնիության» շրջանակներում, և դրա նյութերը երբեք չեն հրապարակվել։ Կատարվածի պատճառների մասին բազմաթիվ շշուկներ էին պտտվում։ Սվետլոգորսկի բնակիչները մեղադրում էին օդաչուներին՝ հայտնելով, որ փորձաքննությունների ընթացքում նրանց արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել, կամ որ նրանք լողափին նուդիստների են նկատել և հատուկ ներքև իջել՝ ավելի լավ նայելու։

Առավել արժանահավատ է այն վարկածը, ըստ որի՝ աղետը տեղի է ունեցել բարձրաչափի սխալմունքից։ Այսօր կործանման վայրում կանգնած է 1994թ. կառուցված մատուռը՝ զոհերի հիշատակին նվիրված։

(Visited 51 times, 1 visits today)