Ինգա Արշակյանի երեխաների առաջին լուսանկարները, ԱՄՆ–ում ապրելու պատճառն ու նոր նախագիծը

Երգչուհի Ինգա Արշակյանն ամուսնությունից և մայրիկ դառնալուց հետո աշխատանքային դադարի մեջ էր։ Այս շրջանում ԱՄՆ–ում բնակվող երգչուհին երկու բալիկ ունի՝ 5-ամյա Մարիան և 3-ամյա Միքայելը։ Մայրիկն արդեն պատրաստ է ընտանեկան կյանքը համատեղել աշխատանքային գործունեության հետ և մեկնարկել է «Haynots» նախագիծը։

Ինգան տրամադրել է նաև երեխաների լուսանկարները, որոնց փորձում էր հեռու պահել հանրային հետաքրքրությունից։

«Կարծում եմ՝ երեխաները փոքր տարիքում ավելի անպաշտպան են։ Այդ իսկ պատճառով սպասում էի մի փոքր մեծանան, հետո ներկայացնեի հանդիսատեսին»,– ասաց Ինգան՝ պարզաբանելով, թե ինչու է միայն այսքան տարի անց ներկայացնում երեխաների առաջին լուսանկարները։

Խոսելով աշխատանքային դադարի մասին՝ Ինգան պատմեց, որ այս ընթացքում  իրեն նվիրել էր ընտանեկան կյանքին։ «Փոքրիկներիս էի մեծացնում, ինձ ամբողջովին նվիրել էի ընտանիքիս։ Կարծում եմ՝ նրանք իմ լավագույն ստեղծագործությունն են։ Երկու զավակս իմ հրաշքներս են»,– ասաց Ինգան։

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք վերջնական տեղափոխվել է ԱՄՆ, քանի որ վերջին տարիներին այնտեղ է բնակվում, որդին՝ Միքայելը, ծնվել է Միացյալ Նահանգներում։ «Աշխատանքի բերումով հիմա գտնվում  ենք ԱՄՆ-ում, բայց այստեղ մնալու որոշումը վերջնական չէ»,– ասաց նա։

Անդրադառնալով երեխաներին՝ Ինգան նկատեց, որ երկուսն էլ շատ երաժշտասեր են։ «Դեռևս լույս աշխարհ չեկած նրանք մասնակցել են բոլոր ձայնագրություններին և համերգներին։ Դա անշուշտ չէր կարող չանդրադառնալ նրանց երաժշտական լսողության, ճաշակի և ունակությունների վրա»,– ասաց մայրիկը, որն այս ընթացքում որոշել է իրականացնել մանկական նախագիծ։

«21–րդ դարում երեխաների մեծամասնությունը չի պատկերացնում ազատ ժամանակն առանց պլանշետների, և ինձ մոտ միտք հղացավ տեղափոխել նրանց էկրանի հակառակ կողմ, մասնակից դարձնել երաժշտական հեքիաթի ստեղծմանը, ինչի համար պրոֆեսիոնալ մոտեցում է անհրաժեշտ։ Որոշեցինք հիմնել «ՀայՆոթս» երաժշտական ստուդիան։  Արտիստը պետք է լավագույնս դրսևորի իր ունակությունները. դրա համար անհրաժեշտ են վոկալ, ոճաբանություն, պար, բեմական արվեստ և երաժշտական գրականություն։ Ես և ընկերներս հաճույքով կսովորեցնենք արտիստական բոլոր հմտությունները»,– ասաց նա ու հավելեց, որ երեխաների մասնակցությամբ արդեն տեսահոլովակ են նկարահանել «Bunny party» անունով։

«Այս երգն անգլերեն է, սակայն կլինեն նաև կատարումներ հայերենով։ Մեր նպատակն է հայ երեխաներին լսելի դարձնել նաև օտարազգի հանդիսատեսի համար, քանզի պետք է կարողանանք միջազգային լեզվով խոսել, այնուհետև մատուցել մերը»,– կարծում է նա։
Ինգան խոստանում է նաև նոր երգեր թողարկել։ Անդրադառնալով քրոջ՝ Անուշ Արշակյանի հետ համատեղ նախագծերի պասիվությանը՝ նա ասաց․ «Ինգա և Անուշ նախագիծը կա և շարունակական կլինի։ Սակայն բազմիցս նշել ենք, որ երկուսս էլ ունենք մեր հետաքրքրությունները ու մտահղացումները։ Պահը հասունացել է, որպեսզի հանդես գանք նաև որպես մեներգչուհիներ՝ մեր անհատական նախագծերով։ Ցավոք, այս երկու տարին շրջադարձային էին բոլորիս համար և ցավոտ, այդ իսկ պատճառով դադարեցրեցինք որևէ նորությունների լուսաբանումը կամ ծրագրերը կյանքի կոչելը։ Փորձենք լավատես լինել՝ լույս կբացվի բոլորիս համար»։

(Visited 20 times, 1 visits today)