Ես տանն եմ, բայց կարոտում եմ իմ երեխայիս, քանի որ իրավունք չունեմ նրան գրկել. կորոնավիրուսը հաղթահարած բուժքույր

Բուժքույր Անժելա Նազարեթյանը, որը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում օգնում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին, ինքը ևս վարակվել է: Սկզբում 37. 2 ջերմություն և սրտխփոցներ է ունեցել, հիվանդանոցի  բաժնի վարիչի և տնօրինության կողմից, որոշվել է  թեսթավորում անցկացնել, պատասխանը դրական է եղել:

Անժելա Նազարեթյանը ապաքինվել է, արդեն երկու օր է տանն է «Ա1+»-ը հեռավար զրուցեց նրա հետ:

-Դուք բուժումը ստացել եք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցո՞ւմ, որտեղ աշխատում եք:

-Հետազոտություններից հետո տեսնելով, որ հիվանդությունս թեթև է ընթանում, որոշվեց ինձ տեղափոխել Նորքի Ռեզորտ հյուրանոցը, որտեղ մնացել եմ 14 օր:

-Ձեր ընտանիքի անդամները մեկուսացվե՞լ են , արդյո՞ք նրանց մոտ վարակ հայտնաբերվել է:

-Թեսթի դրական պատասխանից հետո ինձ զանգեցին Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից։ Բժշկուհուն ասացի, որ աշխատանքից հետո տուն եմ վերադարձել և որոշվեց ընտանիքիս անդամներին նույնպես մեկուսացնել: Նրանք 14 օր գտնվել են կարանտինում, սակայն ոչ մեկի մոտ վիրուս չի հայտնբերվել և տեղափոխվել են տուն:

-Դուք արդեն կարո՞ղ եք վերադառնալ աշխատանքի, թե առայժմ պետք է մնաք տանը:

-Դեռ 14 օր պետք է մնամ տանը, սակայն տան անդամների հետ չպետք է շփվեմ: Սենյակից դուրս չեմ գալիս, քանի որ չի թույլատրվում: Ամենադժվարն այն է, որ բալիկիս հետ չեմ կարողանում շփվել: Դա բոլոր բուժաշխատողների խնդիրն է անգամ տանը գտնվելով, պետք է հեռու մնալ ընտանիքից, ինչը շատ դժվար է:

-Ձեզ հետ այլ բուժաշխատողներ մեկուսացվա՞ծ եղել են, թե ոչ:

 —Ես տեղյակ չեմ եղել, քանի որ սենյակում գտնվել եմ մենակ:

Ի՞նչ զգացողութուն ունեցաք, երբ  իմացաք, որ վարակվել եք:

— Դժվար էր շատ: Ինձ առաջինը տեղյակ է պահել բաժնի վարիչը, ասաց, որ իրենց համար անակնկալ էր իմ հիվանդանալը, քանի որ պահպանել ենք բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Ինձ համար էլ զարմանալի էր, քանի որ ես ինքնս այդ հարցում շատ ուշադիր եմ, բայց փաստը մնում է փաստ, որ ես հիվանդացել եմ: 18 օր չեմ տեսել իմ ընտանիքին: Նրանք էլ Ծաղկաձորում մեկուսացաված են եղել: Կարանտինի ընթացքում ունեցել եմ ֆինանսական դժվարություններ, քանի որ, ո՛չ ես, ո՛չ ընտանիքիս անդամները չէինք կարող աշխատել: Դժվար էր նաև երեխային 4 պատի մեջ պահելը, քանի որ նա շատ ակտիվ երեխա է: Պետքէ նշեմ, որ կան շատ բուժաշխատողներ, որոնք ամիսներ շարունակ  իրենց բալիկներին չեն կարողանում տեսնել: Աշխատանքի ընթացքում երբեմն տեսնում էինք, որ բուժաշխատողը փակվել է մի սենյակում և արտասվելով  խոսում է իր բալիկի հետ: Բուժաշխատողների մեծ մասը կանայք են և ուզում են վերջապես տուն գնալ, իրենց բալիկներն էլ իրենց են կարոտում: Ես տանն եմ,բայց կարոտում եմ իմ երեխային, քանի որ իրավունք չունեմ նրան գրկել, համարյա երկու ամիս ես մոտ չեմ գնացել իմ բալիկին:

Մինչ վարակվելը շփվե՞լ եք այլ հիվանդների հետ, ի՞նչ հոգեվիճակ են ունենում հիվանդները, երբ հայտնաբերում են, որ վարակված են կորոնավիրուսով:

— Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում: Կան մարդիկ ում մոտ լինում է վախ, տագնապի զգացողություն: Հիվանդներ էլ կան, որ ասում են՝ սա էլ կհաղթահարենք: Հիվանդանոցում աշխատում են կամավոր հոգեբաններ, նրանց հեռախոսահամարները փակցված է հիվանդասենյակի դռներին, եթե հիվանդները ունենում են վախեր տագնապներ, զանգահարում են և հոգեբաններն աշխատում են նրանց հետ, օգնում հեշտ հաղթահարել հոգեբանական խնդիրները: Հիվանդանալուց հետո ես ավելի լավ եմ հասկանում նրանց հոգեվիճակը

—  Երկար ժամանակ է աշխատում եք բժշկական ոլորտում, այդ տարիների ընթացքում եղե՞լ է վարակի տարածման նման ծանր շրջան:

-Աշխատել եմ նաև H1N1վիրուսի ժամանակ և վիճակը կարելի է ասել նույնն էր, բայց այս վիրուսի վարակելիությունը ավելի բարձր է: Իմ կարծիքով, իմ հիվանդանալու պատճառներից մեկը հենց դա էր: Ամեն դեպքում տարբեր է կարանավիուսից հետո կյանքը: Մարդիկ պետք է ավելի բարիանան և սիրեն միմյանց՝ գնահատելով ամեն օրը, որ անցկացնում են իրենց սիրելի մարդկանց հետ: Բոլորին և հատկապես բուժաշխատողներին ցանկանում եմ ուժ, որպեսզի կարողանան հաղթահարել և պատվով դուրս գալ այս փորձությունից, չնայած վստահ կարող եմ ասել, որ պատվով դուրս ենք գալու: Բոլոր հիվանդներին ցանկանում եմ բացասական թեսթեր:

(Visited 19 times, 1 visits today)