Գնացեք Ձեր շրջապատի ունեցվածքը բաժանեք քաղաքացիներին․ Նիկոլ Փաշինյանը բարկացավ (տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ, պատճառը անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիտարկումներն էին։ Մասնավորապես պատգամավորն ասաց, որ նախագիծ է շրջանառության մեջ դրել, որպեսզի արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով կարգավորվի վարկային արձակուրդ տրամադրելու հարցը։ Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց Կառավարությանը, որ մինչ այդ նախագծի լինելը, գործադիրը նման որոշում կայացնի։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ դեմ է նման որոշմանը։

«Իսկ եթե մարդը անպարտաճանաչ պորտնյո՞ր է, իր պարտավորությունները չի կատարում, մի հատ էլ արձակուրդ տանք, որ 2 ամիս էլ չկատարի՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը դա տեղին առաջարկ չհամարեց, նկատեց, թե միայն ասելով չի, ապա բարկացավ ու ինքն էլ մի առաջարկ արեց, թե բոլոր քաղաքացիներին 10 000 դոլար տան՝ քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու միջոցով։

«Ձեռք եք առնո՞ւմ, տպավորություն է, որ դուք բաժանող եք, մենք էլ թույլ չենք տալիս։ Գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք է հա՞»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց․ «Պարոն Փաշինյան, Դուք իմ կողմից Ձեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք․․․ բա «ձեռք եք առնումը» ո՞րն է, յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի միտք արտահայտի, մտահոգություն արտահայտի»,- նկատեց անկախ պատգամավորը։

(Visited 73 times, 1 visits today)