Արծիվը ծրագրի ամբողջ գումարը ծախսել է ռոումինգի վրա


Իրան ուղևորված արծիվը ծրագրի ամբողջ գումարը ծախսել է ռոումինգի վրա: ՌԴ թռչունների վերականգնողական կենտրոնի նախաձեռնած տափաստանային արծիվների տեղաշարժի վերահսկման ծրագիրը վտանգվել է: Պատճառը արծիվներից ստացված թանկարժեք sms հաղորդագրություններն են:

Բանն այն է, որ ծրագրում ներգրավված 13 արծիվներին ամրացվել են հսկողության տվիչ  սարքեր, որոնցից տեղեկատվությունը ստացվում է sms հաղորդագրությունների միջոցով:

Արծիվներից մի քանիսն ամառն անցկացրել են Ղազախստանի տափաստանային տարածքներում, որտեղ չի եղել ինտերնետ ծածկույթ: Այդ պատճառով տվիչների վրա մեծ թվով չուղարկված sms հաղորդագրություններ են կուտակվել: Երբ արծիվները վերադարձել են ՌԴ տարածք, sms հաղորդագրությունները ավտոմատ կերպով ուղարկվել են տեղական սակագներով, ինչը և նախատեսված էր:

Սակայն արծիվներից մեկը ՌԴ վերադառնալու փոխարեն մուտք է գործել Իրանի տարածք, որտեղից էլ տվիչներից sms հաղորդագրությունները ուղարկվել են մի քանի անգամ թանկ սակագներով: Ընդհանուր գումարը այնքան է կազմել, որ սպառել է ծրագրի համար նախատեսված միջոցները:

Իրավիճակից դուրս գալու համար թռչնաբանները հետաքրքիր ակցիա են նախաձեռնել և անվանել այն «Լիցքավորի´ր արծվի բջջայինը»:

(Visited 41 times, 1 visits today)