ԱՄՆ-ում խելացի շունը մտել է ոստիկանություն՝ հայտնելու, որ կորել է

Մարդիկ գիտեն, որ կորելու դեպքում հարկավոր է օգնություն խնդրել ոստիկաններից։ Սակայն պարզվում է, որ այդ մասին գիտի նաև Չիկո անունով շունը Տեխասից։ Նա կորցրել է իր տիրոջը և, որքան էլ դժվար է հավատալ, մտել է Տեխասի Օդեսա քաղաքի ոստիկանության բաժանմունք, հաղորդում է aubtu.biz պարբերականը։

Ոստիկանության աշխատակիցներն այս անսպասելի այցելուին ընդունել են վաղ առավոտյան։ Խելացի շունը մտել է ներս և մոտեցել ընդունարանի սեղանին՝ թաթերը դնելով դրա վրա և, ասես, հասկացնելով, որ կորել է։ Շանն ընդունող ոստիկաններից մեկը եղել է սերժանտ Ռասթի Մարթինը, ով նշել է, որ շունը հուսահատված չէր թվում: Մարթինը հայտնել է նաև, որ Չիկոն բաժանմունքում «մեծ սիրո և ուշադրության» է արժանացել:

«Բոլորը շատ ոգևորված էին նրա ներկայությամբ։ Մենք թենիսի գնդակ ունեինք և այն մի փոքր այս ու այն կողմ նետեցինք նախասրահում: Բոլորը սիրեցին նրան»,- ասել է սերժանտը։

Չնայած ոստիկանները վայելում էին շան ներկայությունը, սակայն ժամանակն էր վերադարձնել նրան իր օրինական տերերին: Այնուամենայնիվ, դա հեշտ չէր, քանի որ շան անձը հաստատող պիտակը ընկել էր վզկապից:

Ոստիկանները կանչել են կենդանիների հսկողությամբ զբաղվող մասնագետների, որպեսզի ստուգեն՝ արդյոք նա ունի միկրոչիպ։ Սակայն մինչև մասնագետների տեղ հասնելը Չիկոն աննկատ դուրս էր եկել ոստիկանական բաժանմունքից։ Բարեբախտաբար, նա անմիջապես վերադարձել էր տիրոջ մոտ և իր փոքր արկածից հետո անվնաս հասել էր տուն:

«Նա դուրս վազեց նույնքան արագ, որքան ներս մտավ։ Հաջորդ օրը տերն արձագանքեց (Մարթինի ֆեյսբուքյան գրառմանը – խմբ.) և ասաց, որ դա իր շունն է և տուն է վերադարձել։ Նա ապրում է բաժանմունքից 1,5 կմ հեռավորության վրա»,- պատմել է միջադեպի մասին սերժանտ Մարթինը։

(Visited 29 times, 1 visits today)