Ադելը շարունակում է զարմացնել. նոր զգեստներ, սեր ու 6 տարի սպասված երգ

Երգչուհի Ադելը վերադառնում է: Վեց տարվա դադարից հետո նա պատրաստվում է նոր երգ ներկայացնել. «Easy on Me»-ն թողարկվելու է հոկտեմբերի 15-ին:  Իսկ մինչ նրա երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նոր հիթին, ներկայացնենք նրա կերպարային փոփոխությունները: Ադելն էլ առաջվանը չէ, թեեւ դժվար է ասել հիմա՝ նիհարած նա ավելի գեղեցիկ է, թե ոչ:

Նա հիանալի տեսք ուներ նաեւ նախկինում, երբ ավելի գիրուկ էր, կարեւորն այն յուրահատուկ ու անկրկնելի ձայնն է, որով գերում է իր միլիոնավոր բանակին: Սակայն եթե նոր մարմնում իրեն ավելի վստահ ու լավ է զգում, միայն ուրախ ենք դրա համար ու ներկայացնում ենք, թե ինչպես են վերափոխման փուլերն անցել:

Ամեն ինչ սկսվեց Սայմոն Կոնեկիից բաժանվելուց հետո. Ադելը որոշեց որոշակի դադար վերցնել կարիերայում ու կյանքում փոփոխություններ կատարել: Նախ սկսեց պայքարել ավելորդ քաշի դեմ եւ մոտ 50 կգ կորցրեց, ապա աստիճանաբար նիհարելուն զուգընթաց փոխեց ոճը՝ ավելի շատ կրելով մարմինն ընդգրկող ու նեղ հագուստ:

Ադելը նաեւ նոր սեր գտավ: Նրան սկսել են հաճախ նկատել հայտնի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի գործակալ Ռիչ Փոլի հետ: Վերջերս նրանց նորից միասին են տեսել, սակայն ուշադրություն է գրավել Ադելի համարձակ կերպարը: Նա հագել է Vivienne Westwood-ի կարճ կիսաշրջազգեստ, սեւ բլուզ, բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներ ու ձեռքին բռնել է ոչ մեծ բագետ պայուսակ: Մի քանի տարի առաջ անհնար կլիներ երգչուհուն պատկերացնել այդ ոճում:

Նիհարել նա սկսել է 2019 թվականից, իսկ 2020-ի փետրվարին ցուցադրեց, թե ինչ արդյունքի է հասել՝ ներկայանալով սլացիկ կազմվածքով: Երկար լռությունից հետո նա մարդաշատ վայրերում հայտնվեց, մասնակցեց իր ընկերների հարսանիքին ու կատարեց բրիտանական հայտնի երգեր՝ ոչ միայն իր, այլեւս Spice Girls խմբի երգացանկից: Հաջորդ անգամ հանրությունն Ադելին տեսավ 2020-ի հոկտեմբերին Saturday Night Live հաղորդման ընթացքում: Նա սեւ երեկոյան զգեստով էր, չափազանց գեղեցիկ ու գրավիչ, դա նկատեցին ու այդ մասին գրեցին նաեւ երգչուհու երկրպագուները:2021-ի ապրիլին ներկա եղավ Drake-ի տարեդարձին նվիրված երեկույթին: Նորից սեւ զգեստով ու բարձր հավաքած մազերով շատ ուրախ ու անմիջական էր: Մայիսին իր 33-րդ տարեդարձին Ադելը ներկայացրեց մի շարք նկարներ, որոնցում առավել ցայտուն երեւաց կերպարանափոխությունը: Այդ առիթով Ինստագրամ էր վերադարձել ու հրապարակում արել 5 ամիս անց: Շնորհավորանքներից բացի, նաեւ բազմաթիվ գովասանքի ու հիացմունքի խոսքեր ստացավ: Ապա երգչուհին լուսանկար հրապարակեց 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պատվին՝ ցուցադրելով, թե ինչպես է աջակցում Անգլիայի հավաքականին:

«Դուք ստիպեցիք մեզ հպարտանալ: Ձեր շնորհիվ մեր տանը բոլորով հավաքվեցինք»,- ֆուտբոլիստներին էր դիմել նա:

Այս տարի Ադելի հանրային ամեն միջոցառում՝ լինի բասկետբոլային հանդիպում, թե տարեդարձի հրավեր, խոսելու նորանոր առիթներ տվեց: Նոր սիրեցյալի՝ 39-ամյա Ռիչ Փոլի հետ, որը Klutch Sports Group ընկերության հիմնադիրն է ու Forbes-ի տվյալներով NBA-ում ազդեցությամբ 2-րդ մարդը, Նյու Յորքում բասկետբոլային խաղի ներկա եղավ: Նրանք նստել էին առաջին շարքում ու չէին թաքցնում, որ հանդիպում են:
Ադելը չվախեցավ նաեւ կրկնել Բեյոնսեի ոճը: Ամռանը ներկայացվեց երգչուհու Black is Kind ալբոմը, տեսահոլովակում նրա կերպարն այնքան շատ էր դուր եկել Ադելին, որ նա նմանակեց Already տեսահոլովակում Բեյոնսեի կոստյումը՝ անգամ մազերը գանգուր դարձնելով:
«Շնորհակալություն քեզ, թագուհի, որ թույլ ես տալիս քո արվեստի շնորհիվ մեզ սիրված զգալ»,-գրել էր Ադելը:Երկրպագուներին էլ երգչուհին չի հիասթափեցրել, շուտով նրանց կուրախացնի նոր երգով ու վերջապես կներկայացնի ալբոմը, որի վրա երկար ժամանակ աշխատել է:

(Visited 16 times, 1 visits today)