Աբովյանի ծննդատանը գրեթե 5 կգ քաշով տղա է ծնվել

Փետրվարի 15-ին Աբովյանի ծննդատանը 4900 գրամ քաշով տղա է ծնվել:Ծննդատան տնօրեն Նորայր Միքայելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխան ծնվել է բնական ճանապարհով եւ ծննդաբերությունը բարեհաջող է ավարտվել.«Երեւի տեղյակ եք, որ մենք 2019 թվականի ընթացքում ձեռք բերեցինք ուլտրաձայնային եւ դոպլեր ստացիոնար հետազոտման սարք՝ մեր հղիներին բարձրորակ բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու նպատակով: Մեր ծննդատունը երկրորդ կարգի ծննդատուն է եւ այստեղ կան բոլոր պայմանները բարձորակ սպասարկում իրականացնելու համար: Այն, որ խոշոր պտուղ է, մենք մինչեւ ծննդաբերությունը, բնականաբար, գիտեինք եւ քանի որ պատրաստ էինք ընդունել, որոշում կայացվեց, որ կինը կարող է բնական ճանապարհով ծննդաբերել: Ծննդաբերությունը բարեհաջող ավարտվեց, ծնվեց արական սեռի երեխա՝ 4,9 կգ քաշով եւ 54 սանտիմետր հասակով»,- պատմեց Նորայր Միքայելյանը:Երեխային Առնո են անվանակոչել, տղան ընտանիքի երրորդ երեխան է: Ընտանիքը Աբովյանից է: Մայրը՝ 35-ամյա Անահիտը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ  ուլտրաձայնային եւ դոպլեր ստացիոնար հետազոտման  արդյունքում գիտեին, որ խոշոր պտուղ է լինելու, բայց որ գրեթե 5 կգ, չէր հավատում.«Առնոն իմ երրորդն է, մեծս՝ աղջիկս, 10 տարեկան է, տղաս՝ 7: Բալիկս շատ սպասված էր: Երկու երեխաներիս նույնպես այս ծննդատանն եմ ունեցել ու վստահում էի բոլորին:Ծննդաբերության ընթացքում, բնականաբար, չէի կենտրոնացել ո՛չ քաշի, ո՛չ հասակի վրա: Նորից մայրանալու բերկրանքն էի ապրում: Բայց դուք միայն պետք է տեսնեիք, թե ծնունդն ընդունող անձնակազմը ինչպիսի սրտացավությամբ, ինչպիսի սիրով ու պատասխանատվությամբ  էին իրենց գործը անում: Մի պահ բոլորը խառնվել էին իրար, եւ հսկաս ծնվեց:Ծննդաբերությունից հետո միակ խնդիրը, որ ունեցանք, շորի խնդիրն էր: Դե ես, բնականաբար, ինձ հետ տարել էի սովորական նորածնի շապիկներ, տոտիկներ, որոնք նրա հագով չէին; Մի կերպ հագցրեցինք, հարմարեցրինք, մինչեւ նոր շորեր բերեցին:Ես, իսկապես, անչափ շնորհակալ եմ ծննդատան ամբողջ կազմից՝ սրտացավության եւ առողջ բալիկ ինձ պարգեւելու համար»,- ասաց Անահիտը:Նշենք, որ երեխան իրեն լավ է զգում, մայրիկը՝ նույնպես:

(Visited 22 times, 1 visits today)