ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑՆԵԼ ԼԱՉԻՆՈՎ․ ՊՆԴՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ

Ուղիղ մեկ շաբաթ է՝ դեկտեմբերի 12-ից սկսած, ինչ բնապահպանական կեղծ պատրվարկով ադրբեջանցիներն արգելափակել են Լաչինի միջանցքը՝ փակելով Հայաստանն Արցախին կապող կենսական ճանապարհը և հումանիտար ճգնաժամ ստեղծելով արցախահայության համար։

Ադրբեջանցի ցուցարարները պարբերաբար հայտարարում են, թե իրենք պատրաստ են ճանապարհը, ըստ անհրաժեշտության, բացել հումանիտար նպատակով։ Որպես օրինակ, նրանք վկայակոչում են ռուս խաղաղապահների անարգել երթևեկը Լաչինի միջանցքով՝ դեպի Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխելու նպատակով։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են նաև, որ կարող են ստեղծել հավասար պայմաններ բոլոր քաղաքացիական հայերի, այդ թվում՝ օգնության կարիք ունեցող հայ խաղաղ բնակիչների՝ տարեցների, կանանց և երեխաների տեղաշարժման համար։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի այս կոչերը հերթական բլեֆն են, որոնք միտված են՝ ապակողմնորոշելու միջազգային հանրությանը՝ նախքան իրենց բուն և նենգ նպատակներին հասնելը։