Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Անանյանի փոխարինողի հրամանագիրը, ՊԵԿ նախագահի պաշտոնում է նշանակել ՊԵԿ նախագահի տեղակալ, 37-ամյա Էդվարդ Հովհաննիսյանին:
hraparak.am-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «մարդն» է եւ ըստ ամենայնի Բադասյանի առաջարկով է այս նշանակումն արվել։
Հիշացնենք. 168.am-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեում Դավիթ Անանյանի հրաժարականը միակը չէ, պարզապես մյուսների կապակցությամբ դեռևս հայտարարություններ և պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել:
Ըստ կայքի աղբյուրների՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, հիշեցնենք, ֆեյսբուքյան իր էջում այդ կապակցությամբ գրել էր.
«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործակցության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը և Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազգականներ են: