Հայկական բանակը Երասխում անակնկալի բերեց ոչ միայն Ադրբեջանին. Սա ցույց է տալիս, որ բանակը վերականգնվում է

Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Երասխի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն ուղիղ կապ ուներ Ալիև-Պուտին և դրանից առաջ Փաշինյան-Պուտին հանդիպման հետ: Ըստ այդմ, սահմանին վիճակը լարելով Ալիևը փորձել է Պուտինի հետ հանդիպումից շատ ավելին պոկել, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ Երասխում Հայաստանի զինված ուժերը կոշտ են արձագանքել, ինչը բավականին անսպասելի է եղել Բաքվի համար: Ադրբեջանը ըստ էության, չի կարողացել կրկնել Սև լճի սցենարը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ով նշեց. «Հայկական բանակը Երասխում անակնկալի բերեց ոչ միայն Ադրբեջանին, այլև մյուսներին: Սա նշանակում է, որ մեր բանակը վերականգնվում է, վերակազմակերպվում է: Դա նշանակում է, որ ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունն արդեն իրեն վերագտնում է պարտությունից հետո: Ես բազմիցս եմ ասել, որ էդ պարտվածի սինդրոմից երկիրը և նաև ամբողջ ժողովուրդը պետք է դուրս գա, պարտավոր է դա հաղթահարելու, այլապես մենք ոչ բարեկամ ունենք, ոչ ընկեր: Կարևորն այն է, որ մենք ունենք պետականություն, որը Քոչարյան կոչվածը մեր ձեռքից չկարողացավ վերցնել»:

Շիրինյանը նկատեց, որ ընդհանրապես, եթե հայ ժողովրդի ռազմաքաղաքական պատմությունը նայենք, եթե չի եղել դավադրություն, չի եղել ներքին ոսոխ ու 5-րդ շարասյուն, հայ զինվորականի դեմը դժվար է առնելը. «Երկրորդ համաշխարհային պատերազմը նայեք, հերոսների թվով 4-րդ տեղում ենք, այն դեպքում, երբ դա ոչ մեր երկրում է եղել, ոչ էլ մեզ համար էր: Եթե այս գիտակցությունը վերականգնվի, մենք բոլոր հարցերը կլուծենք»:

Հարցին, թե ինչո՞ւ հատկապես Երասխում է հակառակորդը սրում իրավիճակը, նա պատասխանեց. «Երասխը հայկական պետականության ողնաշարը կազմող Հյուսիս-Հարավ մայրուղու կենտրոնն է: Իսկ դա համաշխարհային այն երթուղին է, որը մենք ուզում ենք ունենալ՝ Հնդկաստան-Իրան-Սյունիք-Արարատյան դաշտ- Աշոցքով դեպի Բաթում: Սա միջազգային մայրուղի է, որի կառուցման հարցում ոչ միայն ԵՄ-ն ունի կոնկրետ հետաքրքրություն, այլ նաև այնպիսի մի երկիր, ինչպիսին Հնդկաստանն է: Դրա համար Ադրբեջանն ուզում է դա իր վերահսկողության տակ ունենալ, իսկ Ռուսաստանի համար դա պրոբլեմային է, որովհետև տապալվում է իր պանթուրքիստական քաղաքականության ադրբեջանական մտահղացումը»:

(Visited 102 times, 1 visits today)