66-ամյա գյումրեցի կինը, որն, ըստ բժիշկների, երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ մահից առաջ հանձնած՝ երրորդ թեստի պատասխանը դրական է եղել։
«Կարմիր խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի խոսքով՝ պոլիկլինիկայի բժիշկներին 2 անգամ այդպես էլ չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել. — «Քրոնիկ հիվանդ է եղել մահացածը, սիրտը ստենտավորած է, դիմել է պոլիկլինիկա ամսի 11-ին, զննվելուց հետո կասկածվել է թոքաբորբ, թոքաբորբը հաստատվելու համար հիվանդին ուղղորդվել է ռենտգենոգրաֆիայի, և իրոք հաստատվել է` հիվանդի մոտ եղել է թոքաբորբ: Բժշկի կողմից առաջարկվել է նմուշառում, նմուշառումից ամուսինը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չեն ուզում, ընդհանրապես չեն ուզում, տանը կմնան, բուժում կստանան: Վերցվել է հսկողության տակ, մեկուսացվել է, 3 օրերին ինքը ստացել է համապատասխան բուժում, վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ երկուշաբթի օրը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և հիվանդը մահացել է: Ախտանշանները շատ բնորոշ են եղել կորոնավիրուսային ինֆեկցիայի, բայց բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացվել է, բայց ամուսինը կտրականապես հրաժարվել է: Ընդհանրապես չեն ուզեցել թեստավորում անցնել: Իրենք մեկնաբանել են, որ եթե նույնիսկ այդ ինֆեկցիան լինի, իրենք կկարողանան բժշկի նշանակում տանը այդ ամեն ինչը կազմակերպել»:
Ամուսինը ևս թոքաբորբ է ունեցել, բուժում է ստացել ու ապաքինվել, սակայն կինը կորոնավիրուսի ռիսկային խմբում է եղել. — «Կինն ունեցել է սրտի խնդիր, սրտի իշեմիկ հիվանդություն է ունեցել, անոթային խնդիրներ է ունեցել, չնայած բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացումներին, նույնիսկ ներկայացվել է, որ դիմացը շաբաթ-կիրակի օրեր են, բայց մենք շաբաթ-կիրակի օրերին ունենք և հերթապահություն, և նմուշառման հնարավորություն, բայց ամուսինը հրաժարվել է, չեն ուզեցել ոչ ստացիոնար բուժում ստանալ, ոչ էլ թեստավորվել»:
Անահիտ Սանդրոսյանն ասում է՝ վիրուսի գոյությանը չհավատալու հետևանքով կինը կյանքով հատուցեց: 66-ամյա կինը Շիրակի մարզում կորոնավիրուսով մահացած 12-րդ հիվանդն էր: «Ազատությունը» հետաքրքրվեց՝ արդյոք ահազանգե՞լ են որևէ կառույցի, որ ամուսինները հրաժարվում են թեստավորվել: «Դիմել ենք տնօրենին, տնօրենի կողմից էլ է անհանգստություն եղել, տնօրենի կողմից էլ է զգուշացում եղել, բայց հրաժարվել են, երևի թերահավատ են վերաբերվել այս ամեն ինչին, չեմ կարող ասել, համենայն դեպս իրենց կողմից է եղել, իսկ տեղամասի բժիշկը ժամանակին նայել, ախտորոշել, բուժումը նշանակել է, արվել է այն ամենը, ինչ հնարավոր եղել է մեր կողմից», — պատասխանեց նա:
Բժշկուհին պացիենտներին հորդորում է օգնել իրենց, որ վիրուսի տարածման այս անվերահսկելի իրավիճակում կարողանան օգնել հիվանդին. — «Այստեղ մարդկային ֆակտոր էլ կա չէ՞, մենակ բժիշկն ի՞նչ կարող է անել, եթե բժշկին թև ու թիկունք հիվանդը չի կանգնում, մենակ մենք գոռում ենք, մենակ մենք վազում ենք, մենակ մեզանով ի՞նչ կարող է լինել: Ախր մարդիկ էլ պիտի իրար օգնեն, մարդիկ էլ պիտի հասկանան, թև ու թիկունք կանգնեք բժիշկներին, բուժաշխատողներին, ուղղակի խնդրում եմ: Այս տեմպով եթե այս ամեն ինչը գնա, այս ամեն ինչը լավ բանի չի բերի: Ես այդպես եմ մտածում, չգիտեմ, եթե մի քանի օր առաջ լավատեսության բաներ կային, հիմա ոնց որ ավելի շատ հիասթափված լինեմ»:
Անահիտ Սանդրոսյանը պատմեց, որ հաճախ հետևում է պոլիկլինիկայից դուրս եկող պոտենցիալ կորոնավիրուսով վարակված հիվանդների տեղաշարժին. — «Երբեմն տեսնում ես` փողոցով քայլում են մարդիկ, որոնք ստեղից դուրս են եկել, ու հաստատ գիտես` իրենց հետ ինչ է, նստում են տրանսպորտ, տաքսիներ, հետո ի՞նչ եղավ, եղա՞վ բան: Ու մի քանի օր հետո էտ նույն բժշկին, մեղավորը բժիշկն է, բայց չէ՞ որ մենակ մարդը չի…Ես շատ ժամանակ նայում եմ, թե իրենք ինչ պիտի նստեն, ոնց պիտի գնան ու բացարձակ, այստեղից դուրս եկան, ոնց որ պատասխանատվությունը կորավ, բայց բժիշկն ի՞նչ անի, բժիշկը մեկն է, իրենք հարյուրավորն են, բժիշկն ի՞նչ կարող է անել»:
Հիշեցննք, որ վերջին օրերին մարզում կորոնավիրուսի դրական թեստով տանը ինքնամեկուսացածների թիվն արդեն 200 է: Հիվանդանոցում բուժում է ստանում 73 մարդ։