Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով նախատեսվում է Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթեւ ավտոմոբիլներ տողով:
Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար բագրատ բադալյանը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաները առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան եւ ՀՀ տարածքում իրականացնել աջ ղեկը ձախ դարձնելու գործընթացը:
Դա անելուց հետո պետք է ավտոմեքենան մաքսազերծում իրականացնելուց հետո հաշվառել եւ ազատ շահագործել ՀՀ տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փաստորեն ժամանակավոր ներմուծում ռեժիմով թույլ է տրվում աջ ղեկով մեքենաները բերել, ՀՀ տարածքում ղեկային կարգավորումները փոխել, որից հետո միայն հաշվառվի եւ շահագործվի:
«Մենք այսօր խնդիր ունենք, որ աստղաբաշխական թվով մեքենաներ են ներկրվում Հայաստան, եւ քանի որ 2020 թվականի մաքսային ռեժիմի փոփոխություն է լինելու, ենթադրում եմ, որ այստեղ կտրուկ անկում պիտի լինի, բայց պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Պետք է հասկանանք, թե որքան Հայաստանից դուրս գնաց, որքանը մնաց ՀՀ-ում եւ դա ինչ մարտահրավեր է բերում»,-ընդգծեց Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց քննարկել ընդհանրապես, աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան, անգամ եթե ղեկը փոխված է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյաննն էլ նկատեց, ըստ էության, գեներացնում են վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: «Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթարների մեծ քանակի պատճառն այն է, որ ղեկի տեղափոխությունն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով»-ասաց նա:
Արձագանքելով՝ վարչապետը նշեց. «Եկեք պայմանավորվենք, որ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ավելացրեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել, որ սա էլ են անում ու վերջ, բայց հիմա էլի վերադարձել են: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Այսինքն` հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորն էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողում աշխատի: Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,-ասաց վարչապետը և կոչ արեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը ու այլևս նոր նախաձեռնություն չբերել:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ իր տպավորությունն այն է, որ ծնունդով աջակողմյան մեքենա չեն կարողանալու ներմուծել: «Ես այդպես էի հասկացել, բայց ստացվում է, որ ունենք մի իրավիճակ, որ կարող ենք ընդունել եթե մեր երկրից դուրս է փոխվել ղեկը:Ես կարծում եմ, որ պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ փոխված ղեկով չլինեն շահագործման»,-ասաց:
Վարչապետը նշեց, որ VIN կոդով պետք է պարզել աջակողմյան է, թե ձախակողմյան է մեքենան և կոչ արեց ընդհատել քննարկումը և պարզել դա հնարավոր է, թե հնարավոր չէ : Դավիթ Անանյանն ասաց, որ վին կոդը վերծանելու հնարավորություն չունեն: Այսպիսով՝ որոշումն ընդունվեց՝ հետագայում հարցը քննարկելու պայմանավորվածությամբ: