Ծնվել է Վիգեն Հովսեփյանի ու Շաքե Հմայակյանի երկրորդ որդին

Երաժիշտ Վիգեն Հովսեփյանի ու բժիշկ-ռադիոլոգ Շաքե Հմայակյանի ընտանիքում ծնվել է երկրորդ որդին: Եթե ավագ տղան՝ Արթուրը, լույս աշխարհ էր եկել հենց Ամանորի գիշերը, ապա Արմանը՝ տոներից մի քանի օր առաջ:

Շաքե Հմայակյանը Արմանը մի քանի օրական է, ու դժվար է զգացողություններիս մասին խոսել: Շատ փոքրիկ է, անընդհատ ուզում է կողքիս ու գրկումս լինել: Իհարկե, մայրական ապրումները յուրահատուկ են:

Շատ է տարբերվում Արթուրից, ավելի մեղմ է ու հանգիստ: Արթուրիկն առավելագույնս տանջել է ինձ, շատ է կոփել՝ որպես մայրիկ: Արմանը դեռ հանգիստ է, ու հույս ունեմ, որ այսպիսին էլ կմնա:  Ամեն մայր յուրովի է զգում իր երեխային. ծննդաբերությունից հետո, երբ կրծքիդ են դնում, մոռանում ես, որ վիրահատության ես ենթարկվել, քեզ կարում են կամ ցավեր ունես: Փոքրիկից, որը քիչ առաջ քո ներսում էր ու հենց նոր լույս աշխարհ է եկել, շատ ուժեղ ու յուրահատուկ հոտ ես առնում: Միանգամից ժպտում ես ու արտասվում:

Լարվում էինք, թե Արթուրն ինչպես է դիմավորելու փոքր եղբորը: Նա շատ ակտիվ երեխա է, սիրում է ուշադրության կենտրոնում լինել, խաղալ, թռվռալ, ու չգիտեինք՝ մեկ ուրիշը հայտնվի, ինչպես կարձագանքի:

Հենց մտանք ներս, ասաց. «Վա՜յ, Արման ջան, ուտեմ ես քեզ»: Գրկեց եղբորն ու գլուխը դրեց փորին: Իհարկե, դա երկար չտեւեց, նորից գնաց խաղալու, բայց զգացվում է, որ սիրում է եղբորն ու ուզում անընդհատ մասնակցել խնամքին՝ ծածկել, օրորել, ծծակը տալ:

Վիգենն այս անգամ ինձ շատ զարմացրեց: Նա, իհարկե, չափազանց զուսպ է զգացմունքների առումով ու տանն էլ շատ չի արտահայտում դրանք: Արթուրի ծնվելու ժամանակ ոնց որ թե չզգար, թե ինչ է կատարվել, փոխարենը հիմա այնքան է զանգահարում ու նկարներ ուզում, որ ուղարկեմ, ես եմ արդեն ասում. «Վիգեն, հերիք է»:  Զարմանում եմ, որ արտահայտում է իր զգացածը: Այս անգամ հույս ունեմ, որ ավելի շատ կօգնի ինձ երեխայի խնամքի հետ կապված հարցրերում:

Այս Ամանորը տանը կնշենք. ես հետվիրահատական փուլում եմ, երեխան էլ՝ բավական փոքր: Նոր տարին մեզ համար յուրահատուկ նշանակություն ունի. Արթուրի ծննդյան օրն էլ է, բայց հյուրեր չենք ունենա, միայն ամենահարազատ մարդիկ կգան: Այս տարի որպես բժիշկ էլ խորհուրդ կտամ շատ հյուր չգնալ՝ հաշվի առնելով համավարակային իրավիճակը:

(Visited 113 times, 1 visits today)