2020 թվականի տարեվերջին ամերիկաբնակ երգչուհի Լիլիթ Ղուկասյանի եւ Արկադի Վարդանյանի ընտանիքը համալրվեց: Նոյեմբերի 11-ին ծնվեց նրանց դուստրը` Մարիան: Լիլուն խոսել է ընտանիքից, դժվար օրերից եւ սպասվող նորությունների մասին: Սարսափելի ծանր էր բոլորիս համար՝ համավարակը, Միացյալ Նահանգներում քաղաքացիական բախումները, այնուհետեւ Արցախի պատերազմը: Իմ կարգավիճակում ավելի ծանր ապրումներ էի ունենում: Ամեն մեկի հետ մահանում էի: Այդ շրջանում ծնվեց աղջիկս: Ծննդատան ճանապարհին անգամ ամուսնուցս հետաքրքրվում էի, թե ինչ նորություններ կան Հայաստանից:
Ես եւ Արկադին շատ էինք սպասում մեր դստերը: Զգացողությունները տարբեր էին, բոլորովին նոր: Մարիայի ծնվելուց հետո շատ բան փոխվեց: Ինձ շատ էին ասում, որ աղջիկները մայրերի համար օրհնություն են: Մտածում էի, որ նրա ծնունդով իմ կյանքում շատ լուրջ փոփոխություն կլինի: Այդպես էլ եղավ: Կյանքս շատ է փոխվել, նոր երանգներ են ավելացել: Հեքիաթային զգացողություններ կան: Կարծում եմ` յուրաքանչյուր կին պետք է աղջիկ ունենա:
Մինչ Մարիայի ծնունդն արդեն գիտեի, որ հեշտ չի լինելու ինձ համար երկու փոքրիկների խնամքով զբաղվել: Բայց եթե ծնող ես, կազմ-պատրաստ պետք է լինես: Բախտս բերել է, որ ամուսինս հոգատար է ու շատ է օգնում ինձ: Երեխաների խնամքով միասին ենք զբաղվում: Ինչ խոսք, մայրս էլ է շատ օգնում: Ռոբերտը շատ է սիրում քրոջը, բոլորովին չի խանդում: Շատ ուշադիր ու հոգատար է նրա նկատմամբ: Հղիության ամիսներին էլ աշխատել եմ, ներկայացրել եմ երկու տեսահոլովակ: Կարելի է ասել, որ ստեղծագործական դադարի շրջան չի եղել: Գործնական ծրագրեր շատ կան: Շարունակում եմ համագործակցել Նիկ Էգիբյանի հետ: Մոտ ապագայում կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ: Այլ նախագծեր էլ կան, որոնց մասին ավելի ուշ կարող եմ խոսել: Մարիան արդեն 4 ամսական է: Այս ընթացքում նոր ֆոտոշարք կազմակերպեցի: Նոր մամայի նոր կերպար էի մտածել, ցանկացա ներկայացնել հետեւորդներիս: