Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չեմ կարա հավատամ` երդվում եմ …

Մորս` աղջկա պես էր, ինձ քրոջ, մեր ընտանիքի անդամն էր … Չի լինում հավատալ …»:

Ավտովթարի հետևանքով մահացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար Սոսի Խանիկյանը:

Հմայիչ, գեղեցիկ ու շատ տաղանդավոր: Նպատակասլաց, անընդհատ ինքնակատարելագործվող, գեղեցիկը գնահատող, պրպտող, իր գործի նվիրյալ. այսպիսին էր   Սոսի Խանիկյանը: Ինչքան ծրագրեր մնացին անավարտ, քանզի Սոսին բազմաթիվ  նպատակներ ու երազանքներ ուներ:

Սոսիին ճանաչողները գիտեն, թե ինչքան կյանք կար նրա մեջ, ինչքան եռանդ ու ուժ` ստեղծելու և ստեղծագործելու: Սոսին իսկական նեղ օրվա ընկեր էր` մեծահոգի ու մարդասեր:

Նշենք` Սոսի Խանիկյանը Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակն է: «Վարդապետը» ֆիլմի ցուցադրությունից առաջ պատմում էր, թե ֆիլմի ստեղծման ընթացքում ինչքան է պրպտել, որպեսզի Կոմիտասին կարողանա ներկայացնել յուրովի` բացահայտելով Վարդապետի` հանրության համար անհայտ կողմերը:

Սոսին նաև մի շարք երգերի խոսքերի հեղինակն է, այդ թվում` «Boom, boom» երգի, որով երգչուհի Էմմին ներկայացավ Եվրատեսիլում, նաև Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերն էր հեղինակել նա։ Պատերազմի օրերին այս երգը դարձավ արցախյան պայքարի խորհրդանիշը, իսկ այս օրերին այն կարելի է լսել Բաղրամյան պողոտայում՝ Հայրենիքի փրկության շարժման բեմից։ Սոսիի ողբերգական մահվան օրը ևս Խանաղյանի երգը հնչում էր Բաղրամյանում։

Սոսին ինքն էլ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ուներ, նա ևս պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մտերիմների խոսքով՝ չարաբաստիկ վրաերթի օրն էլ նա Բաղրամյանի պողոտային հանրահավաքից տուն էր վերադառնում։

Ներկայում Սոսին աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։

Ընկերներն ու գործընկերները նրա մասին հիշելիս առաջին հերթին ասում են «լույս աղջիկ»․Սոսին կենսուրախ էր ու կենսասեր, բարեսիրտ։ Նրան բնորոշում են որպես բազմակողմանի զարգացած, տաղանդավոր ու սկզբունքային մարդ։ Սոսի Խանիկյանն ամուսնացած չէր։

Հիշեցնենք՝ ողբերգական վրաերթը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ երեկոյան 20։20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում։ 31-ամյա Տիգրան Բոշյանն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել աղջկան։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է։

 

 

(Visited 152 times, 1 visits today)