Մեկ բաժակ սեւ, դառը սուրճը այսօր ծանր նստեց Էդմոն Մարուքյանի վրա

Ազգային ժողովում ազատամարտիկ պատգամավոր Սասուն Միքայելյանը հարձակվեց ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի վրա եւ հարվածեց նրան։ Պատճառն անհայտ է՝ ամեն ինչ սկսվեց անիմաստ լեզվակռվից, որի ժամանակ ոչ ոք ոչ մեկին չէր հայհոյել, բայց որոշեցին անգամ այս դեպքում հարցերը լուծել բռունցքների միջոցով։ Կարելի է ասել՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանին հյուրասիրած մեկ բաժակ սեւ, դառը սուրճը այսօր ծանր նստեց Էդմոն Մարուքյանի վրա։ Սա հեղափոխական Հայաստանի խորհրդարանի առաջին ծեծկռտուքն էր, որը պիտակավորեցին որպես «շմայսություն»։Թեժ վեճ Ազգային ժողովում ...Շմայսը՝ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, թերեւս պետք է պատիվ պահանջի նորօրյա խորհրդարանականներից՝ իրենց զազրելի, փողոցային ու անդաստիարակ բարքերն իրեն վերագրելու համար։ Ի դեպ, դահլիճում ներկա էին նաեւ վարչապետն ու կառավարոթյան անդամները, սակայն նույնիսկ նրանց ներկայությունը չի զսպել Սասուն Միքայելյանին ու մյուսներին՝ չտրվել փողոցային կրքերին։ Ի դեպ, եթե ԲՀԿ-ականնրը, ԼՀԿ-ականներն ու շատ իմքայլականներ փորձում էին բաժանել Միքայելյանին ու Մարուքյանին, որն արդեն ոտքերով էր հակահարձակման անցել Միքայելյանի վրա, ապա «Իմ քայլի» որոշ պատգամավորներ բաժանելու փոխարեն դավադրաբար որոշեցին մեջքից հարվածել Մարուքյանին։ Այդ պատգամավորներն էին Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրը՝ Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանն ու կիրթ, ինտելիգենտ պատգամավորի տպավորություն թողած Արտակ Մանուկյանը։Ծեծկռտուք Ազգային ժողովում ... Ղալումյանը, սակայն, պատժվում է իր արարքի համար՝ հայտնվելով գետնին, ԼՀԿ-ականների աքացիների տակ։Հայտարարվեց ընդմիջում, որից հետո Մարուքյանն ու Փաշինյանը Արարատ Միրզոյանի աշխատասենյակում կարճ զրույց ունեցան, որից հետո Միրզոյանի մոտ հավաքվեցին ՔՊ-ականները, այդ թվում կառավարության անդամ ու ներկայացուցիչ ՔՊ-ականները եկան, եւ վարչության նիստ արեցին՝ քննարկելով իրավիճակն ու այն, թե ինչ են պատասխանելու լրագրողներին, երբ դուրս գան։ Ինչպես հասկացանք նիստից հետո «Իմ քայլի» պատգամավորների հարցազրույցներից, որոնք իբրեւ թե դատապարտում էին տեղի ունեցածը, ապա նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթից, իշխանական կուսակցությունը որոշել էր ոչ թե ընդունել իրենց ու իրենց թիմակցի սխալը, ոչ թե պատժել Սասուն Միքայելյանին՝ նրան մանդատից զրկելով, այլ հակառակը՝ անցնել հակահարձակման ու ամբողջ մեղքը բարդել Էդմոն Մարուքյանի եւ, թող զարմանալի չթվա, նաեւ նախկինների վրա։ Իսկ Սասունին գրեթե հերոսացրին։

(Visited 19 times, 1 visits today)