Հայաստանի քաղաքական իշխանությունը այս ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է սկսի երկիրը մաքրել թափթփուկից, գողապետության թերմացքից ու դատարանները  կարգի բերի. Լևոն Շիրինյան

Առաջին լրատվականի-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

– Պարոն Շիրինյան, Տավուշում տեղի ունեցող զարգացումներն ի՞նչ անդրադարձ կունենան հայաստանյան քաղաքական դաշտի վրա, ինչպիսի՞ վերադասավորումներ են հնարավոր: Երկու տարի շարունակ լսում ենք, թե Նիկոլ Փաշինյանը եկել է հող հանձնելու…

– Հիմա էլ  մեղադրում են բարձունք գրավելու մեջ: Այսպիսի տեսակետ են շրջանառում, թե Նիկոլն ասում էր՝ արցախյան հարցով ինչ լուծում էլ լինի, երեք կողմերի համար պետք է ընդունելի լինի, իսկ Ադրբեջանի համար բարձունք հանձնելը ընդունելի չէ, այդ ինչպե՞ս եղավ: Այսինքն՝ սրանք քաղաքականությունը  շատ պրիմիտիվ են հասկանում, իսկ իրականում  դիվանագետին լեզուն տված է մտքերը թաքցնելու համար: Մեր ժողովրդի արտահայտությունները շատ իմաստուն են, ու այսպիսի մի խոսք կա՝ մեռած են, թաղած չեն: Կազմակերպված ընդդիմություն չկա, կա գողապետություն, հինգերորդ շարասյուն, նրանք բոլորն էլ մեռած են, թաղած չեն: Մեզ վերադարձվել է մի բարձունք, որը պատմականորեն մերն է, մշակույթով մեր տարածքի մեջ է, Քուռ-արաքսյան խառնարանն է, որը մերն է: Այն վերահսկում է Թբիլիսի-Բաքու մայրուղու կոմունիկացիոն բոլոր ուղիները՝ գազ, նավթ, ավտոճանապարհ, երկաթգիծ, ռազմական փոխադրում: Հայաստանի բանակը պարտավոր է նույնիսկ  կյանքի գնով պահել սա: Սա մեր ձեռքբերումն է, գեոքաղաքականության արմատական փոփոխություն է Այսրկովկասում: Երկրորդ՝ այդ արդյունքը Հայաստանի գեոստրատեգիական պոտենցիալն անհամեմատ մեծացնում է, որի նշանակությունը մենք ապագայում կհասկանանք: Իսկ մեր ժողովրդի համար այդ հատվածը դուրս եկավ մղձավանջից, կարելի է այդտեղից  վերահսկել Ադրբեջանի մնացած դիրքերը, որտեղից գիշեր-ցերեկ տեռոր էին անում տարիներ շարունակ: Տա Աստված, որ հաջողությամբ մեր դիրքերն ամրացնենք: Գերագույն գլխավոր հրամանատարից, պաշտպանության նախարարից, Գլխավոր շտաբի պետից մինչև բանակի կորպուսի ամենաներքևի օղակ փայլուն աշխատանք են կատարել: Այս օղակներում ոչ մի դավաճանություն չի եղել ու չէր էլ կարող լինել: Էլ չեմ խոսում զինվորների մարտական ոգու մասին, որը բառացիորեն հեղափոխության արդյունք է, նաև կոշիկներ ունենալու, սնվելու ու հոգատարության: Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ վերջապես հօդս ցնդեց Իսրայելի կողմից կատարյալ տեխնոլոգիաներ ստեղծելու կարողությունը: Այս վիճակում, երբ գիտությունը քիչ է  ֆինանսավորվում, մենք կարողացել ենք ուղեղային կենտրոն խփել, որը համարվում էր անառիկ ու անխոցելի օբյեկտ: Սա նշանակում է, որ մենք եթե ձգտենք՝ Իսրայելից էլ կատարյալ զենք կստեղծենք: Սա նաև գցեց իսրայելական զենքի որակի հարցը, էլ չեմ խոսում մնացածների մասին: Ամեն ինչ էլ կարող ենք՝ մանավանդ, եթե օտարին չենք ծառայում, գործողությունները կատարվել են բացառապես մեր ուժերով և մեր հնարավորություններով, մեր բանակի ամբողջ պոտենցիալը դեռ գործարկված չէ:

– Բայց նույնիսկ պատերազմական իրավիճակում որոշ քաղաքական ուժեր փորձում են դիվիդենդներ շահել:   

– Հայաստանի քաղաքական իշխանությունը այս ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է սկսի երկիրը մաքրել թափթփուկից, գողապետության թերմացքից ու դատարանները  կարգի բերի, որպեսզի ամեն մեկն իր արածի համար պատասխան տա դատարանում:

– Եթե այս երկու տարվա մեջ պատասխան տված լինեին, մենք այս վիճակը կունենայի՞նք:  

– Դա թուլության նշան է, իշխանությունը որոշակի կոնսենսուսային իրավիճակ էր ուզում ստեղծել, որովհետև թափթփուկն էլ մեր թափթփուկն է: Բայց իշխանությունը մի քանի ամսվա ընթացքում հասկացավ՝ ինքն այդպես է վերաբերվում, նրանք էլ չարաշահում են: Դրա համար հայ ժողովրդի խնդիրն է դառնում դատարանները կարգավորելը, փողով մեռելի վրա լացողներին վերացնելը: Պետությունը ստանում է արտաքին կայունություն, պետք է անցնի ներքին կայունությանը: Նաև կա երկրորդ մասը՝ Ռուսաստանն ընկղմվում է ցույցերի պերմանենտ շրջան, գիտեք, որ Սանկտ Պետերբուրգում երիտասարդական բողոքի ակցիաներ են եղել: Սա նշանակում է, որ մեր ձեռքերն ազատ են հինգերորդ շարասյան հարցերը լուծելու համար: Դրանք պետք է ոչնչանան, Հայաստանը այլևս երբեք հինգերորդ շարասյուն չպետք է ունենա: Բոլորը պետք է ծառայեն մեկ նպատակի՝ պետության կայացմանը, մեր ուժերի ամրապնդմանը, ով չի ուզում՝ թող չքվի Հայաստանից: Սերժ Սարգսյանը հանձնեց Լելե Թեփեն, Փաշինյանը դիրք գրավեց. դատողությունները թողնում եմ ձեզ: Պետք է անցնենք քաղաքական կազմակերպման լայն շրջանի, անենք այնպես, որ հերթական ընտրություններին ժողովուրդն ավելի կրթված գնա: Պետք է կանցլերական դեմոկրատիայի տարբերակ ունենանք մեր երկրում, ու ամեն ինչ լավ կլինի:

(Visited 42 times, 1 visits today)