Կարեն Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 11-ին Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա պարզաբանեց, թե ինչու է որոշել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, պատասխանեց հարցին, թե արդյոք մտադիր է զբաղվել քաղաքականությամբ։ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ է խոսել, արդյոք ինքն առաջարկե՞լ է՝ Փաշինյանի հետ գնալ հրապարակի հարթակ, եւ, արդյոք Փաշինյանն իրեն պատասխանե՞լ է, թե նման բան հնարավոր չէ, քանի որ տպավորություն կստեղծվի, թե կուլիսային պայմանավորվածություններ  են եղել՝ Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխելու համար, նա ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք,  դա  մեր  ներքին պայմանավորվածությունն է։ Հարցին՝ արդյոք պայմանավորվածությունը խախտվե՞լ է, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։Հարցին՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ի՞նչ հարցեր են տրվել իրեն, նախկին վարչապետն ասաց. «Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք ուղղել է հանձնաժողովը։ Քանի որ հանձնաժողովը փակ է եւ պարունակում է պետական գաղտնիք, այդ պատճառով ավելին չեմ կարող ասել»։

«Ինչու եմ ես միջնորդել՝ կարծում եմ միջնորդության մեջ ֆիքսել եմ դա, տրամաբանությունը պարզ է. առաջին՝ ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձեւավորված հարցադրումներին տրվի պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի եւ այն համապատասխան նստվածք չթողնի: Երկրորդ՝ ես հարգում եմ եւ գնահատում Ռոբերտ Քոչարյանի ավանդը եւ ներդրումը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ կայունության գործընթացում:Երրորդ՝ 2 տարի է համարյա այս դատական պրոցեսը տեւում է, եւ հավանական է, որ այն շատ երկար ժամանակ դեռ կարող է տեւել: Այդ պատճառով միջնորդել եմ, որ խափանման միջոցը փոխվի»:Հարցին, թե չի՞ վախենում հասարակության վերաբերմունքից՝ Կարապետյանը պատասխանեց.«Ինձ թվում է՝ այդ պրոցեսը բավականին գրգռված եւ քաղաքականացված է, ինչպես կգնահատեն իմ քայլը՝ ես հիմնավորել եմ: Կարծում եմ յուրաքանչյուրը իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, որեւէ մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին»:

(Visited 26 times, 1 visits today)