Դաշինքի պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար. նա կալանավորվել է

Դաշինքի պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար, նա կալանավորվել է։ Այդ մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում մի խումբ անձանց կողմից ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով կաշառք բաժանելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, երկու և ավելի անձանց առաջարկել և տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք՝ կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 21.06.2021թ.-ին Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նույն օրը քննիչի կողմից նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը 22.06.2021թ.-ին բավարարվել է: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքները և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

(Visited 52 times, 1 visits today)