Այն ժամանակ, երբ ԵՄ շատ երկրներում հասարակական կյանքը կանգ է առել COVID-19 համաճարակի պատճառով, Շվեդիայում խանութները, ռեստորաններն ու դպրոցները մնում են բաց։ Միևնույն ժամանակ վարակվածների թիվը շարունակում է աճել, գրում է Deutsche Welle-ն։
Ըստ Շվեդիայի իշխանությունների տվյալների՝ կորոնավիրուսով վարակվել են երկրի ավելի քան 2800 բնակիչներ: 70 մարդ արդեն մահացել է:
Այս իրավիճակի մասին Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենն ասել է․
«Վարակը շարունակում է տարածվել: Մարդկանց կյանքն ու առողջությունը, նրանց աշխատատեղերը վտանգված են: Շատ մարդիկ դեռ կվարակվեն, և շատերը ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց սիրելիներին»։
Ո՞րն է այս մոտեցման հիմքը: Երկրի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեհնելը կարծում է, որ շվեդների մեծ մասը պետք է վարակվեն կորոնավիրուսով, որպեսզի նրանք ընդհանրական իմունիտետ ձեռք բերեն:
Մինչև վերջերս Միացյալ Թագավորությունը նույնպես հավատարիմ էր այդ ռազմավարությանը: Ըստ այդ մոտեցման՝ պետք է մեկուսացնել միայն «ռիսկային խմբերին», մասնավորապես ՝ տարեցներին և նրանց, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով: Մնացածը չպետք է վախենան կորոնավիրուսային վարակից:
Թեհնելը համոզված է, որ այս եղանակով երկրի բնակչությունը ձեռք կբերի իր իմունիտետը, և վիրուսը կկորցնի իր արդյունավետությունը երկարաժամկետ հեռանկարում: