38 տարի առաջ «Գիքոր» ֆիլմը բարձրացավ էկրաններ՝ դառնալով հայկական կինոարտադրության այն բացառիկ ֆիլմերից, որ միանգամից սիրվեց հանրության կողմից, հուզեց բոլորին եւ մնաց մարդկանց սրտերում։ Հայտնի այս ֆիլմում իրենց դերասանական խաղով հանդես են գալիս Սոս Սարգսյանը, Գալյա Նովենցը, Արմեն Ջիգարխանյանը… Անվանի արտիստների կողքին է գլխավոր հերոսը՝ Գիքորի կերպարը մարմնավորող 11-ամյա Ալբերտ Ղուլինյանը։ Այսօր 48 տարեկան Ալբերտը բնակվում է հայրենի Դսեղում, տարված է իր գյուղական գործերով։ BRAVO.am-ի հետ զրույցում նա մեծ ուրախությամբ հիշել իր մանկության աստղային դրվագները։
– Պարո՛ն Ղուլինյան, 11 տարեկան Ալբերտին ինչպե՞ս հաջողվեց իրենով անել Գիքորի կերպարը։
– Այսօրվա պես հիշում եմ. 1981 թվականն էր, այդ շրջանում դպրոցին կից ճամբար էր գործում, մենք էլ երեխաներով խաղում էինք։ Խոսակցություններ տարածվեցին, որ Երեւանից մարդիկ են եկել՝ «Գիքոր» ֆիլմի դերակատարին ընտրելու: Քաղաքից եկած հյուրերը միանգամից նկատեցին ինձ։Ձեր անմիջականությունն ու պարզությո՞ւնը գրավեց Հենիկ Մալյանին եւ Սերգեյ Իսրայելյանին, թե՞ դերասանական տաղանդ, այնուամենայնիվ, ունեիք։– Չեմ կարող ասել՝ արդյոք այդ պարզությունը գրավեց նրանց, բայց երկար փնտրտուքից հետո ընդամենը 7 թեկնածու էին գտել։ Երբ գնացինք «Հայֆիլմ» կինոստուդիա, Սերգեյ Իսրայելյանն ինձ հարցրեց՝ «Ո՞ր դասարանում ես սովորում», ես էլ պատասխանեցի՝ մեր(Ժպտում է,-հեղ.): Այս պատասխանն իրենց շատ էր զարմացրել: Միգուցե միամիտ, բայց եւ սրամիտ պատասխանն էր որոշիչ եղել, չեմ կարող ասել։
Ֆիլմն արագ է նկարահանվել. գրեթե բոլոր դրվագները հաջողվել են միանգամից, երկարեց միայն այն հատվածը, երբ Բազազ Արտեմը (Արմեն Ջիգարխանյան) պետք է ապտակեր Ձեզ։
-Այո: Մի քանի օր տեւեց. Ջիգարխանյանի ձեռքը չէր գնում, որ ապտակեր ինձ, անգամ հայրս մոտեցավ նրան, խնդրեց՝ ապտակի ինձ, եւ վերջապես կարողանան ստանալ ֆիլմի այդ դրվագը, որն, ըստ ռեժիսորի, շատ կարեւոր էր։ Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել էին, մնացել էր միայն ապտակի հատվածը, բոլորն ասացին՝ գնամ եւ անձամբ խնդրեմ, որ ինձ հարվածի։ Գնացի եւ ասացի՝ «Պարո՛ն Ջիգարխանյան, խփի էլի, դե, հիմա մի սիլլա ա, կդիմանանք, էլի»։ Միայն թե այդ շրջանում ատամս ցավում էր, խնդրեցի, որ մյուս այտիս խփի, վերջապես նկարեցին այդ դրվագը, որից հետո նա ինձ մարզական համազգեստ եւ գնդակ նվիրեց։– Այս ապտակից բացի, վերջում ամենահուզիչ դրվագն է, որտեղ հիվանդ եք… Ինչպե՞ս նկարահանվեց: Ձեզ համար դժվա՞ր չէր։– Բոլորը վախենում էին հենց այդ վերջին հատվածից: Մտավախություն ունեին՝ չէր ստացվի: Որքան էլ զարմանալի հնչի, այն նկարել են մեկ դրվագով: Նկարահանող խումբն ապշել էր: Ի դեպ, ի նշան հաջողված դրվագի՝ ամբողջ անձնակազմով լուսանկարվեցինք։
Իսկ չստացա՞ք առաջարկներ՝ դերասանական ուղին շարունակելու:– Իրականում սովորել եմ կինոտեխնիկումում, որից հետո գնացել եմ խորհրդային բանակ, իսկ այն ցուրտ ու մութ տարիներին, երբ վերադարձա, խնդիրները բազմաթիվ էին եւ տարբեր բնույթի՝ ֆինանս, բնակության վայր, ուստի շարունակել չհաջողվեց։
– Եթե գոնե մի փոքր հնարավորություն ունենայի, կշարունակեի, հաջողություններ կգրանցեի, բայց ինչ արած, դժվարությունների պատճառով շեղվեցի ցանկալի ճանապարհից:
– Կարծեմ՝ կապը երկար ժամանակ պահպանել եք հատկապես Սոս Սարգսյանի հետ:-Այո, շատ եմ սիրում եւ հարգում վարպետին: Երբ գալիս էր Դսեղ, միշտ ասում էր՝ «Գնամ, Գիքորիս տեսնեմ»: Հաճախ էր հյուր գալիս ինձ։ Երբ ես էլ քաղաք էի գալիս, անպայման այցելում էի նրան։Ֆիլմում Ձեր բախտը չի բերում, իսկ կյանքում ինչպե՞ս է:-Շատ գոհ եմ եւ երջանիկ՝ իմ երկու աղջիկներով, տղայովս, 3 թոռնիկներովս։ Այո, գուցե ֆիլմում բախտս չբերեց, բայց կյանքում շատ է բերել։ Միայն թե ափսոս, որ այդպես էլ դերասան չդարձա։