Թուրքիայում կանայք կաթսաներով ու թավաներով բողոքի ակցիա են անցկացրել թանկացումների դեմ․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Թուրքիայում մի խումբ կանայք հավաքվել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում ու կաթսաներով և թավաներով բողոքի ակցիա անցկացրել վերջին թանկացումների դեմ, գրում է թուրքական լրատվամիջոցները։ «Արի, արի, արի, արի, հավասար ու ազատ քայլիր։ Արի քայլենք միասին, դու մենակ չես։

Դու երբեք մենակ չես քայլի»,- վանկարկել են կանայք։ Ոստիկանները արգելել են կանանց մտել բողոքի ակցիայի նախատեսված տարածք՝ նշելով, որ կաթսաներն ու թավաները «վնասող իրեր են»։ Չնայած ոստիկանության միջամտությանը՝ կանայք շարունակել են իրենց ցույցը՝ պարելով ու վարկարկելով ոստիկանական պատնեշների միջև։ «Նրանք ցանկանում են սահմանափակել մեր տարածքը։ Օրենքում նման բան չկա, որն արգելում է կաթսաներն ու թավաները։

Նրանք, ովքեր այսօր արգելում են կաթսաներն ու թավաները, վաղը մեզ արգելելու են փողոց դուրս գալ»,- ասել է «Կանանց ասամբլեայի» գլխավոր քարտուղար Ֆիդան Աթասելիմը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել բազմաթիվ աշխատավայրերում վերջին օրերին սկսված գործադուլների վրա։

Աթասելիմը նշել է, որ կանայք այս ընթացքում ավելի շատ են տառապում, և որ նրանցից շատերը մնացել են գործազուրկ կամ չեն կարողանում «հավասար աշխատանքի դիմաց ստանալ հավասար վարձատրություն»: Հիշեցնենք՝ հունվարի 1-ից Թուրքիայիում կտրուկ բարձրացվել են էլեկտրաէներգիայի ու բնական գազի սակագները։ Թանկացումները բողոքի ու քննադատությունների ալիք են բարձրացրել հասարակության տարբեր խմբերի շրջանում։

Պարբերաբար երկրում տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր ու այլ ակցիաներ են անցկացվում թանկացումների դեմ, իսկ սոցիալական լարվածությունը գնալով աճում է։