Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Նրանք իրենց հետ տեղափոխել են 2 ինքնաձիգեր, 1 ատրճանակ, 318 փամփուշտ և 4 հատ նռնակ։
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել 2021 թվականի հոկտեմբերի 10-ին և մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Հուսեին Յըլդըրըմին և Աթիլլա Չիչեքին մեղադրանք է առաջադրվել․
-ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդված 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որ կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ),
-235․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների մաքսանենգությունը՝ անկախ չափերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով, որ կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ),
-329-րդ հոդվածի 2-րդ մասի (Պետական սահմանն ապօրինի հատելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով։
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ կալանավորումը։
Նմանատիպ դեպք է տեղի ունեցել 2021թ. հունիսի 21-ին ժամը 20:05-ի սահմաններում։
Թուրքիայի հանրապետության քաղաքացի Յըլմազ Էրգինը շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։
Նա բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:
Գործը դատարան է ստացվել 2021 թվականի հուլիսի 13-ին և մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը)։
Յըլմազ Էրգինի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ կալանավորումը։
Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ նա նախկինում ևս դատվածություն է ունեցել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: