Թերեզա Փանչոյան. «Հայ աղջիկները պետք է սովորեն մի պարզ եւ ակնհայտ ճշմարտություն՝ իմ մարմինն իմ գործն է»

Սեքսի թեման Հայաստանում այնքան է տաբուացված, որ անգամ բավականին էլեմենտար ինֆորմացիան հայալեզու ինտերնետ տիրույթում ուղղակի բացակայում է։ Դուք գիտե՞իք, որ մինչև հիմա կան մարդիկ, ովքեր լուրջ հարցնում են, թե ինչ է ձվազատումը, օրգազմը և արդյոք հնարավոր է հղիանալ համբույրից։ Գիտելիքը ուժ է, բայց ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ սեռական ապատեղեկացվածությունը և ինչով է այն վտանգավոր։ Այս և մի շարք այլ հարցերի մասին հայտնի սեքս բլոգեր Թերեզա Փանչոյանը հատուկ NEWS.AM STYLE-ի համար։

Թերեզան արդեն մեկ տարի է ապրում է Բալիում, իսկ մինչ այդ սովորել և աշխատել է Չինաստանում։ Սեքս բլոգի գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ նա որոշել է ուսումնասիրել թեման ավելի խորքից։

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց․

Ամեն ինչ սկսվեց սեքսի մասին կարծրատիպերին ընդհարվելուց։ Ընկերական քննարկումների ժամանակ կարծիք հայտնելիս միշտ խնդրում էին հիմնավորել այն։ Սեքսի մասին շատ հարցերի ես պատասխանում էի` «Դե չգիտեմ, էդպես է կարգը»։ Շատ քիչ ժամանակ պահանջվեց գիտակցելու, որ հիմնավորել չկարողանալու պատճառը գաղափարները չկիսելն էր։ Փոքր-ինչ խորանալուց հետո սկսեցի տարբերել իմ կարծիքը հասարակության կողմից մեզ փաթաթած կարծրատիպերից և գաղափարներից։ Սեռերի միջև հարաբերությունների թեման Հայաստանում շատ զգայուն է և պետք է անչափ զգուշորեն մոտենալ դրա լուսաբանմանը։ Մարդիկ շատ սուր ռեակցիա են տալիս այն ամենին, ինչի մասին չգիտեն, որովհետև նման թեմայի հանդեպ արդեն իսկ ձևավորվել է բացասական և ագրեսիվ վերաբերմունք։ Ես հաճախ անդրադառնում եմ նաև տղամարդկանց սեքսուալության թեմաներին, սակայն թեմաների մեծամասնությունը կանանց մասին է։ Պատճառն իգական սեռի խնդիրներին ավելի ծանոթ լինելն է։

Հեյթերների մասին

Ի զարմանս ինձ, սկզբում ավելի քիչ հեյթերներ ունեի, քան հիմա։ Կարծում եմ` դա պայմանավորված է իմ հայտնիությամբ։ Հեյթերների մեծ մասը գրում է կեղծ էջերից, այդ իսկ պատճառով բարդ է նրանց սեռը իմանալ։ Բաց էջերի դեպքում ատելությունն ավելի շատ կանանցից եմ ստանում, ինչն ունի իր պատճառները։ Պատկերացրեք, որ մարդուն մանկուց ներշնչել են, որ նա պետք է ավարտի դպրոցը, ապա համալսարանը, ամուսնանա, երեխաներ ունենա և իր ամբողջ կյանքը նվիրի նրանց։ Նա հետևում է այդ սցենարին և գիտակցում, որ դա իրեն երջանկություն չի պարգևում։ Հանկարծ հայտնվում է ինչ֊որ մի բլոգեր, ով ասում է՝ պարտավոր չեք ապրել չգրված կանոններով, եթե այն ձեզ չի երջանկացնում։ Դուք ինքներդ կարող եք կառավարել ձեր կյանքն ու որոշումները։ Պատկերացրեք` ինչ է զգում մարդն այդ պահին։ Նա գիտակցում է, որ սխալվել է, բայց նրան ավելի հեշտ է մեղադրել քեզ և ասել, որ դու ճիշտ չես, քան խոստովանել ինքն իրեն, որ չի ընտրել այն, ինչ ինքն էր ուզում։ Շատ հաճախ նման մարդիկ չեն ցանկանում, որ ուրիշներն ապրեն այն կյանքով, որն իրենք են ցանկանում, բայց չեն կարող իրենց թույլ տալ։ Կարելի՞ է արդյոք հղիանալ համբույրից։ Նախկինում ինձ նման հարցեր լրջորեն տալիս էին։ Սկզբում մտածում ես, որ դա կատակ է, բայց երբ դրանք կրկնվում են, հասկանում ես, որ այն հումոր չէ։ Ես անձամբ փնտրել եմ ինֆորմացիա այն մասին, թե ինչպես է կինը հղիանում։ Չկար։ Կար հղիության ընթացքի, անալիզների, առանձնահատկությունների և այլնի, բայց ոչ՝ բուն հղիանալու գործընթացի մասին։ Ինձ նաև շատ են հարցնում, թե ինչ է օրգազմը։ Դա էլ եմ փնտրել գուգլում, սակայն հայերենով ինֆորմացիա չկար։ Ամեն ինչ շատ շղարշված էր և այնպիսի գիտական տերմիններով, որ նույնիսկ ես չհասկացա։ Այսինքն, մարդն ուղղակի ինֆորմացվելու տարբերակ չունի։ Սա և ծիծաղելի է, և` տխուր։ Ինֆորմացիայի բացակայությունը հիմք է տալիս անհանգստացնող հարցերի շուրջ սեփական ֆանտազիաներն ու պատկերացումներն ունենալուն։ Դա է պատճառը, որ ինչ-որ պահի

«Հնրավո՞ր է, արդյոք, հղիանալ համբույրից»․

Նմանատիպ այլ հարցեր այլևս աբսուրդի ժանրից չեն թվում։ Դու հասկանում ես` ինչու է մարդն այդ հարցը տալիս։ Արդեն երեք տարի է վարում եմ բլոգը, սակայն մարդիկ միևնույն է շարունակում են նման հարցեր տալ։ Հիմա, սակայն, խնդիրը ոչ թե ինֆորմացիայի բացակայությունն է, այլ այն, որ մարդիկ չեն ցանկանում ինքնուրույն փնտրելու և կարդալ։ Ծուլանում են թերթել իմ բլոգն և գտնել հարցի պատասխանը։ Հայկական «Ամոթ» -ը Շատերը պարզապես բաժանորդագրված չեն իմ էջին։ «Սեքս բլոգ» անունով էջի հետևելն արդեն իսկ ամոթ է, քանզի եթե ընկերները, ծանոթները, կամ բարեկամները տեսնեն, կքննադատեն։ Մի անգամ հարցում արեցի, թե ինչու չեն հետևում էջիս, եթե այն հետաքրքիր է։ Հիմնական պատճառը «սեքս բլոգ» անվանումն էր։ Առաջարկում էին փոխել անունը, որպեսզի ինձ կարողանան հետևել։ Այստեղ ես հասկացա, որ մարդիկ ցանկանում են նստել միանգամից երկու աթոռի վրա և ստիպել, որ ես էլ այդպես վարվեմ՝ գրեմ այն թեմաներով, որոնք իրենց հետաքրքիր են, պատասխանեմ իրենց հարցերին, բայց բացեիբաց չասեմ և թաքցնեմ բլոգի թեման։ Անունը, իհարկե, չեմ փոխել և չեմ զղջում, որովհետև, եթե մարդու համար «սեքս» բառը կարդալն արդեն ամոթի զգացում է առաջացնում, ապա ես նրան ոչ մի կերպ չեմ կարող օգնել։ Նա պատրաստ չէ նոր ինֆորմացիա ընկալել։ Եթե փոխեի անունը, կհամաձայնեի այն մտքի հետ, որ սեքսի թեման տաբու է, իսկ ես այդպես չեմ համարում։ Լսարանից կարծիքը շատ կարևոր է, բայց այն չպետք է հակասի քո սկզբունքներին։

Հայկական «պատասխանատվություն»-ը

Երբեմն իմ ստացած բացասական հաղորդագրությունները տեղադրում եմ էջում։ Ի պատասխան, մարդիկ, ովքեր դա ուղարկել էին, հարցնում են, թե ինչ իրավունքով եմ տեղադրել դրանք։ Այսինքն, ըստ իրենց մտածողության, իրենք իրավունք ունեն ինձ վիրավորելու, իսկ սեփական բառերի համար պատասխանատվություն վերցնել չեն ցանկանում։ Ամեն ինչ սկսվում է սպառնալիքներից, իբր կջնջեն իմ էջը, կգտնեն ինձ և կհանձնեն ոստիկանությանը, իրենց եղբայրը, հորեղբայրը կամ այլ բարեկամները կգտնեն և կպատժեն ինձ։ Միայն, երբ տեսնում են, որ ես այդ ամենին վերաբերվում եմ հումորով, սկսում են ներողություն խնդրել, ապա համոզել, որ ջնջեմ գրառումը։ Սկսում են արդարանալ, որ արել են դա առանց մտածելու և այլն։ Անպատասխանատվության մակարդակը Հայաստանում, ցավոք, շատ բարձր է։ Մի անգամ իմ հետևորդուհին, ով անչափահաս էր, պատմեց, որ իրեն գրել է մի տղամարդ՝ և առաջարկել «սովորեցնել էն, ինչ կա իմ բլոգում»։ Նամակներն, աղջկա համաձայնությամբ տեղադրեցի էջում՝ նշելով այդ տղամարդու էջը։ Սկզբում չէի ուզում տեղադրել, քանի որ տեսա, որ նա վերջերս է ամուսնացել, հարսանեկան նկարներ կան էջում և այլն, բայց հետևորդները խորհուրդ տվեցին ամեն դեպքում տեղադրել։ Անկախ նրանից՝ տղամարդն ամուսնացած է, թե ոչ, պատասխանատվության զգացում պետք է լինի միշտ։ Սկզբում այդ տղամարդը սկսեց գրել ինձ, վրդովվել, սպառնալ, հետո սկսվեցին զանգերը։ Վերջիվերջո նա սկսեց ողբալով ներողություն հայցել և խնդրել, որ ջնջեմ գրառումը։ Ես այդ պահին ինձ շատ վատ զգացի, բայց մյուս կողմից կատարվածն իր մեղավորությունն էր։ Չափահաս և ամուսնացած տղամարդն անչափահաս աղջկան սեռական բնույթի առաջարկություն է անում,։ սակայն պատրաստ չէ պատասխանատվություն վերցնել իր խոսքերի համար․․.

Ինչպե՞ս լուծել սեռական անտեղյակության խնդիրը

Որոշակի տարիքում մարդուն շատ դժվար է փոխել, այդ իսկ պատճառով ամբողջ հույսը ներկայիս սերունդն է։ Նրանք ավելի ազատ են, մոտիվացված, անկախ, ուզում են կրթվել, ճամփորդել, լավ աշխատանք ունենալ ու ապրել իրենց , այլ ոչ հասարակության կանոններով։ Աղջիկները պետք է սերտեն մեկ պարզ ու ակնհայտ ճշմարտություն. իմ մարմինն իմ գործն է։ Թե՜ մինչամուսնական սեռական կյանքով ապրելը, և թե՜ չապրելը պետք է իրենց գիտակից որոշումը լինի։ Սեքս խաղալիքներ օգտագործելը, ձեռնաշարժությամբ զբաղվելը, կրծկալ կրել/չկրելն իրենց որոշումն է։ Չկա ու չպետք է լինի որևէ երրորդ դեմք, ով որոշում է իրենց փոխարեն։ Իսկ բոլոր այն մարդկանց, ովքեր ձգտում են մտնել ուրիշի ինտիմ կյանք, պետք է հիշեցնել․ «ապրեք ձեր կյանքով» :