Էդգարը 21-րդ դարի  ՀՀ առաջին քաղաքացին էր, ծնվել էր 2001 թ-ի հունվարի 1- ին,վերջին անգամ զանգեց, ասեց` մամ ջան, բան չեմ ուզում, մենակ ձեռքիդ թխած գաթան եմ ուզում, մի հատ կծեմ` կարոտդ առնեմ…

Ժամկետային զինծառայող Էդգար Գրիգորյանը 44-օրյա պատերազմի ժամանակ իր հրամանատարի հետ մարտեր է վարել առաջնագծից՝ Ջաբրայիլի ամենավտանգավոր 128 հենակետից: Էդգարը 21-րդ դարի  ՀՀ առաջին քաղաքացին էր, ծնվել էր 2001 թ-ի հունվարի 1- ին :

«Սեպտեմբերի 26-ին զանգեց, ասեց` մամ ջան, բան չեմ ուզում, մենակ ձեռքիդ թխած գաթան եմ ուզում, մի հատ կծեմ` կարոտդ առնեմ… հաջորդ օրը սկսեց պատերազմը»: Ժամկետային զինծառյողի մոր հիշողությունն է` որդու հետ վերջին խոսակցության մասին:

Տիկին Վարսիկը պատմում է, որ որդու որոնողական աշխատանքները երկար են տեւել, ինչի ընթացքում իր առողջությունը կտրուկ վատացել է ու այլեւս չի դիմացել ցավին ու լարվածությանը.

«Նոյեմբեր ամիսն էր, ՊՆ-ի դիմաց էինք, ես կոմայի մեջ ընկա: Ինձ տարան հիվանդանոց… դեկտեմբերի վերջն էր, երբ տղայիս գտան: Իմ ընտանիքը` քույրս, մյուս տղաս գիտեին, որ ինքը զոհվել է, բայց ինձ չէին ասում…ինքը իր հրամանատարի հետ է եղել, երկուսով բոյ են տվել… անցնում է որոշ ժամանակ, Էդգարիս շրջապատում են, տանկը նրա կողքն է խփում, ինքը նորից վեր է կենում ու շարունակում է կռվել… ամսի 23-ին նրա արարողությունն է եղել, հիմա ինքը Եռաբլուրում է… Ես իրեն չեմ տեսել: ԴՆԹ ենք տվել: Իմ հույսը էդ է, որ իրեն չեմ տեսել, հույս ունեմ, որ մի օր կգա»:

Էդգարի մոր խոսքով, շատ արժանի զինվորներ այսօր չեն ստանում Մարտական խաչ շքանշանը, եւ ինքը պահանջում է, որ իր որդուն պետությունը տա այն, ինչին նա արժանի է. «Դա մի քիչ վիրավորական է: Հիմա ես ուզում եմ պահանջել իրենցից, որ ինչ որ հասնում է իմ որդուն` թող տրամադրեն: Եթե օրենքի մասին են խոսում: Օրենքով իմ որդին եկավ այս երկիր, օրենքով գնաց ծառայեց:

Ուզում եմ, որ իմ որդուն էլ Մարտական խաչ տրամադրեն, քանի որ նա արժանի է դրան… չորս ամիս առաջ պետք է զորացրված ու տուն վերադարձած լիներ»:

Էդգարի ծառայակից ընկեր էդիկ Նադիմյանը ասում է` ընկերոջից իրեն է մնացել միայն նրա ժամացույցը. « Մի ժամ ուներ ինքը, տվել էր, որ սարքեի: Մնացել էր մոտս: Ամսի 26-ի երեկոյան զանգել էր, հարցրեl` մոտդ է, չէ՞, ասեցի` հա, ասեց` լավ կպահես, երբ պոստերից իջնենք, կսարքես: Ասեցի` խնդիր չկա: Այդ ժամը շատ թանկ էր նրա համար: Հայրն էր նվեր տվել»:

Պատերազմի մասին Էդիկը շատ չի խոսում, ասում է` ինքն ու ողջ մնացած տղաները այդ ընթացքում շատ փոխվեցին, շատ մեծացան: «Ես մենակ այն էի տեսել, որ Էդգարենց պոստից մի զենք անդադար կրակում է: Չեմ պատկերացրել, թե ով կարող է լինի: Հետո պարզվել է, որ էդգարն է»,- հիշում է Էդիկը: