Աբովյանի դստեր ծանր կյանքը, թոռան ձեռքբերումներն ու տոհմի գիտական նվաճումները

Խաչատուր Աբովյանն իր ժամանակների ամենակիրթ և առաջադեմ մարդկանցից էր, նրա լուսավորական ու առաջադիմական հայացքները հաճախ հանգիստ չէին տալիս գերակշռող խավարամիտներին: Առհասարակ, Աբովյանը հայ գրականության ամենաառեղծվածային կերպարներից մեկն էր, ում բնավորության և մարդ տեսակի մասին խոսելիս ականատեսներից շատերը պնդում էին, որ թեև նա հախուռն բնավորություն ուներ, էությամբ բարի էր։

Այսօր կներկայացնենք Աբովյանի դստեր՝ Զարմանդուխտի և թոռան՝ Վլադմիրի կյանքը, ինչպես նաև Աբովյանի ժառանգների ձեռքբերումները։

Զարմանդուխտ Աբովյան

Աբովյանի դուստրը՝ Զարմանդուխտը, ծնվել է 1843 թվականին։ Հարկ է նշել, որ հայրը նրան Ադելաիդե էր կոչում՝ ի պատիվ իր Դորպատի սիրո։ Տան փոքրն ու, որպես կանոն, ամենասիրելի երեխան զրկվում է հոգտար հորից ընդամենը հինգ տարեկան հասակում։ Այսպիսով, ութամյա Վարդանի ու Զարմանդուխտի դաստիարակության ողջ բեռն ընկնում է մոր՝ Էմիլիեի ուսերին, վերջինս ամուսնուց հետո ապրում է 22 տարի և մահանում 1870 թվականին։

Էմիլիեն կարևորում էր երեխաների կրթությունը, և, չնայած ծանր ֆինանսական դրությանը, երբեք աչքաթող չէր անում երեխաներին ուսումը։ Զարմանդուխտը սովորում է Երևանի կանանց գիմնազիայում. աղջիկն աչքի էր ընկնում իր բարձր առաջադիմությամբ։ Գիմնազիան ավարտելուց հետո Զարմանդուխտն անմիջապես ամուսնանում է հարկահավաք Գրիգորի Յակովլևիչ Բոժովսկու հետ՝ հաշվի չառնելով այն փաստը որ վերջինս հիվանդ ու հաշմանդամ մարդ էր. ինչն էլ պատճառ դարձավ, որ հետագայում երեխաների ողջ խնամքն ու հոգսը բաժին հասնի Զարմադուխտին։

Երեխաների մասին.

Զարմանդուխտ Աբովյանն ու Գրիգորի Բոժովսկին 5 երեխա են ունեցել՝4 աղջիկ աղջիկներից հետո վերջին երեխան ու տան փոքրը Վլադիմիրն էր։ Զարմանդուխտին բարդ էր խնամել հինգ երեխաներին. ամուսնու հիվանդության, ֆինանասական ծանր պայմանների ու զրկանքների ուղեկցությամբ կինը պատվով էր հաղթահարում ընթացիկ բարդությունները։ Զարմանդուխտի և Գրիգորի միակ որդին՝ տան փոքրը, հետագայում դառնում է ողջ ընտանիքի՝ մոր ու քույրերի միակ խնամողը, կերակրողն ու կարիքներ հոգացողը։ Գրիգոր Յակովլևիչը ապրում է մինչև 1906 թվականը, իսկ Զարմանդուխտ Աբովյանը ապրում է 66 տարի և մահանում 1909 թվականին, Թիֆլիսում։

Վլադիմիր Գրիգորևիչ Բոժովսկին՝ Աբովյանի արժանի  թոռը

Վլադիմիր Գրիգորևիչ Բոժովսկին ծնվել է 1874 թվականի հունիսի 27-ին, Երևանում։ Երևանի դասական գիմնազիան ավարտելուն պես՝ 1895 թվականին ընդունվում է Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սակայն մեկ տարի անց գտնում է իր իրական կոչումն ու ընդունվում է զինվորական բժշկական ակադեմիա։ Վլադիմիրը չէր սխալվում. հենց բժշկության ոլորտում շատ շուտով նա արտասովոր ընդունակություններ է ցուցաբերում ու հետագայում մեծ բարձունքների հասնում։

Ավարտելով ակադեմիան՝ 1902 թվականին Բոժովսկին մնում է պրոֆեսոր Յանովսկու կողմից ղեկավարվող ներքին հիվանդությունների կլինիկայում՝ որպես օրդինատոր։ 1906 թվականին 32-ամյա Վլադիմիր Բոժովսկին ստանում է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։ Այս տարիներին Վլադիմիրը խորանում է  թերապիայի բժշկության բնագավառում։ Հանդես է գալիս բազմաթիվ գիտական  հոդվածներով։

Այնուհետև շուրջ 20 տարի նա ապրում և աշխատում է Թիֆլիսում։ Նրա նախաձեռնությամբ են հիմնադրվում Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացները։ Արդեն 1922-1924 թվականներին պրոֆեսոր Բոժովսկին ղեկավարում էր Յարոսլավլի համալսարանի ֆակուլտատիվ թերապիայի և պաթոլոգիական անատոմիայի ամբիոնները։ 1928 թվականից 7 տարի նա աշխատում է Միներալնիե Վոդի քաղաքի առողջարաններում՝ որպես կոնսուլտանտ միաժամանակ համատեղելով Նալչիկի մարզային հիվանդանոցի թերապիայի և ինֆեկցիոն բաժինների ղեկավարի աշխատանքը։

1936 թվականին Բոժովսկին ընտրվում է Դաղստանի պետական բժշկական ինստիտուտի դիագնոստիկայի և մասնավոր պաթոլոգիայի ամբիոնների վարիչ, որը գլխավորում է մինչև 1951, իսկ ծննդյան 70 ամյակի օրը Դախստանի Ինքնավար Հանրապետության Գերագույն սովետը նրան շնորհում է գիտությունների վաստակավոր գործչի կոչում։

Զարմանդուխտ Աբովյանի որդին և Խաչատուր Աբովյանի թոռը՝ Վլադիմիր  Բոժովսկին, մահացել է 1951 թվականի դեկտեմբերին, Մախաչկալայում։

Բոժովսկուն են պատկանում 47 անուն գիտնական աշխատություններ՝ առանձին գրքերով կամ հոդվածների ձևով։

Աբովյանի տոհմածառը

Խաչատուր Աբովյանի տոհմածառի ուսումնասիրությունները վկայում են, որ ժառանգներից՝ շուրջ 90 մարդուց 28-ը կյանքից հեռացել են վաղ հասակում, մնացած 62 հոգուց 20-ը չեն հասել անգամ չափահասության տարիքին: Մնացյալներից 12-ը իրենց նվիրաբերել են գիտությանը, որոնցից 5-ը դոկտոր-պրոֆեսորներ են, 7-ը՝ գիտության թեկնածուներ:

Աբովյանի ժառանգներն ընթերցողներին են նվիրել տարբեր գիտությունների գծով ավելի քան 250 գիտական աշխատություն:

Աղբյուրը՝https://www.vnews.am/culture

(Visited 63 times, 1 visits today)