Իննա Խոջամիրյանն այս շրջանում երկու նախագծում է նկարահանվում: Դրանցից մեկը՝ «Բեկորներ» հեռուստասերիալն, արդեն «Շանթ» ՀԸ-ի եթերում է: Դերասանուհու հետ զրուցել ենք նոր կերպարների, նկարահանումների, ինչպես նաեւ «Երկուսով»-ից բաժանվելու մասին:
«Ինչ խոսք, դժվար է: Շատ-շատ եմ հոգնում վերջերս. կիրակի էլ չունեմ: Բայց 2020-ի ուժեղ հարվածից հետո աշխատանքն իմ տարերքն է. երբ չունեմ մտածելու ժամանակ, շատ ավելի թեթեւ եմ ապրում»,-նշել է Իննան:
Նրա խոսքով՝ «Երկուսով»-ի Մանեից հեշտ բաժանվեց.«Այս սերիալը մեր թիմի համար նշաձող էր, որը հաղթահարեցինք: Այն բարդ նախագիծ էր բոլոր առումներով»:
Պատմել է նաեւ նոր կերպարների մասին.«Լուսինեն եւ Մարթան բացարձակ տարբեր են: Շատ մեծ հույս ունեմ, որ դա եթերում ցայտուն կերպով կերեւա: Շատ-շատ եմ աշխատում ինձ վրա՝ ուրիշ լինելու համար: Ռեժիսորներիս հանգիստ չեմ տալիս»,-նշել է նա եւ հավելել.«Լուսինեն(«Կհանդիպենք անտառի տնակում») երես առած երեխա է, որը ոչ մի խնդիր ու խոչընդոտ չի ունեցել կյանքում, բամբակի մեջ են պահել, ինչն էլ որոշ առումով նրան սխալ ուղղության վրա է դրել: Բավական հետաքրքիր սյուժե է գրել Անին Մաղաքյանը:
Ռեժիսորի հետ հստակ կերպար ենք կերտել՝ իր բնավորությամբ: Հուսամ՝ արդյունքը լավը կլինի: Իսկ Մարթան («Բեկորներ») լրագրող է, ճարպիկ աղջիկ է, բայց նաեւ տարօրինակություններ ունի: Պերֆեկցիոնիստ է, բայց տեղ-տեղ անփույթ, համառ է, բայց փխրուն: Շատ հանդարտ բնավորություն ունեցող աղջիկ է, բայց չափից դուրս խելացի: Մարթայի կերպարը նոր ենք խմորում, ես ու ռեժիսորս պարբերաբար քննարկում ենք, վիճում, տարաձայնություններ ենք ունեցել նույնիսկ, ասում է՝ Մարթային դարձրել եմ գիժ:): Բայց շատ եմ սիրել:
Երկուսին էլ փորձել եմ այնպիսին ստանալ, ինչպիսին չեմ եղել: Լիահույս եմ, որ ստացվել է: Աստված առաջ»:«Կհանդիպենք անտառի տնակում» նախագիծը կհեռարձակվի «Նոր Հայաստան» հեռուստաալիքով, սակայն ցուցադրման ժամկետները պարզ չեն. «Նկարահանումների մի մասն անցել է գյուղում: Ես էքստրիմի սիրահար եմ, նորություն չէ, իսկ գյուղի 2 շաբաթվա այդ նկարահանումները լիովին էքստրիմ էին: Ինչի միջով ասես, որ չանցանք: Ինձ համար դրանք անմոռանալի օրեր էին, ընդ որում, որ ես գյուղ շատ եմ սիրում, լրիվ ուրիշ կաշվի մեջ էինք»: