Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հոկտեմբերի լույս 22-ի գիշերը, ժամը 01.05-ին, հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ու քննչական կոմիտեի աշխատակիցներ, որոնք հիշյալ բնակարանում հայտնաբերեցին 1955 թվականին ծնված տանտիրուհու դին։ Դիակի զննությամբ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ պարանոցին, հայտնաբերվեցին կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։
Օպերատիվ և համագործակցված աշխատանքի շնորհիվ պարզվեց սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 46-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին կասկածվողը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։
Shamshayan.com-ի հաղորդմամբ` կասկածյալը ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է՝ Գարիկ Մաշադյանը