Անցած շաբաթ՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ դիրքորոշում հայտնեց ՀՀ քաղաքացիների պատվաստման տոկոսի վերաբերյալ:
Նրա կարծիքով՝ Հայաստանում պատվաստման մակարդակը բավականին ցածր է: Վերջինս, անդրադառնալով նաև պետական ապարատում պատվաստման գործընթացին, շեշտեց՝ պետական ապարատում աշխատող ոչ մի անձ չպետք է չպատվաստված լինի, և առաջին դեմքերը այս գործընթացի համար պատասխանատու են:
պարզել է՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ովքե՞ր են արդեն պատվաստված, ովքե՞ր՝ դեռ ոչ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից մեկն էր պետական ապարատում, որը պատվաստվեց կորոնավիրուսի դեմ:
ՀՀ երկու փոխվարչապետները՝ Սուրեն Պապիկյանը և Մհեր Գրիգորյանը, նույնպես ամիսներ առաջ պատվաստվել են: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութով: Նույն պատվաստանյութով է պատվաստվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատվաստման վերաբերյալ տեղեկատվություն մեզ ստանալ չհաջողվեց: Նախագահականից մեր հարցին ի պատասխան՝ գրավոր հարցում պահանջեցին:
ՀՀ բոլոր նախարարները նույնպես պատվաստված են: Պատվաստված է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ վարչապետին ենթակա կառույցներից միայն ՊՎԾ-ի և Ոստիկանության հետ կապ հաստատել հաջողվեց: Այսպիսով՝ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանը և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պատվաստված են, իսկ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի
պատվաստման վերաբերյալ տեղեկատվություն ճշտել չհաջողվեց:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես պատվաստված են: Պատվաստված է նաև ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, իսկ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պատվաստված լինելու-չլինելու վերաբերյալ տեղեկատվություն մեզ չտրամադրեց՝ նշելով՝ դա անձնական տվյալ է:
Պատվաստված է նաև ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը:
Իսկ ահա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեռևս պատվաստված չէ: Նրա մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը ՀԺ-ին փոխանցեց՝ մոտ օրերս Թաթոյանը կպատվաստվի:
Պատվաստման մասին տեղեկություններ չտրամադրեցին նաև Երևանի քաղաքապետարանից: Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անձնական տվյալ է՝ ընդգծելով՝ Մարությանը բոլորին կոչ է անում պատվաստվել:
Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ «Ի դրաֆթ» համակարգում օրեր առաջ օրենքի նախագիծ է շրջանառել, ըստ որի՝ պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։