Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել Արմեն Սարգսյանի մասին.
Հրաժեշտ նախագահին
Արմեն Սարգսյանին առաջին անգամ հանդիպել եմ Լոնդոնում: Տպավորությունս դրական էր. կիրթ, գիրք կարդացած մարդ, անգամ քննարկեցինք Օքսֆորդում Սամվելի անգլո-ամերիկյան պեոզիայի թարգմանության օրեր անենք: Անկեղծ տպավորված էի, որ համատարած էս մարտնչող տգիտության մեջ կա մարդ, ում հետ կարող ես խոսել Ջոն Դոնից և Սիլվիա Փլաթից:
Ու արդեն հասկացաք, որ ես իմ մեծ լուման ունեմ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում կողմ քվեարկելու հարցում:
Սատիրիկ Կնիշևն ասում էր` կան մարդիկ, որոնց ինտելիգենտությունն օգտագործելուց առաջ նրանց, ինչպես շշի տարան, պետք է թափահարել:
Իր նախագահության ողջ ընթացքում Արմեն Սարգսյանն իրեն պահեց լեգիոների նման, ում կապը Հայաստանի և հայ ժողովրդի հետ ամրագրվում էր բացառապես անձնագրում ազգության մատնանշմամբ: Արմեն Սարգսյանը առնվազն մի քանի ոսկե հնարավորություն ուներ ապացուցելու, որ տարբերվում է ղեկավարման գեղցի և հիստերիկ տեսակից: Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր անգամ բաց թողեց քինախնդիր գեղցիներից ու էժանագին չտեսներից տարբերվելու իր շանսը:
Երբ մեր հասարակությունը անխնա բաժանվում էր սևերի ու սպիտակների, երբ եղբորը հանեցին ու շարունակում են հանել եղբոր դեմ, երբ երկրի կառավարումը իջեցված է քաղաքական հաշվեհարդարների մակարդակի, Արմեն Սարգսյանը կարող էր գոնե փորձ անել կասեցնելու էս համատարած բարոյական ապոկալիպսիսը, որի դիմաց Հայաստանը առաջիկայում շատ թանկ գին է վճարելու: Արմեն Սարգսյանն ընտրեց դիտորդ լեգիոների կարգավիճակը, ում համար կարևորն իր բիզնեսների առողջական և ֆինանսական վիճակն է:
Արմեն Սարգսյանն ընտրեց անբարո ճանապարհներից ամենաեղկելին` վախկոտ դասալիքի ճանապարհը, ամեն օր կիլոմետրերով լքելով իրեն վստահված դիրքերն ու բամբուկի շյուղի պես ճկվելով իրեն ամեն օր նվաստացնողի և իրենից վաղուց արդեն անգլիական հարած պուդինգ սարքածի առաջ:
Երեկ Հայաստանի դե յուրե նախագահ Արմեն Սարգսյանին անցկացրեցին նվաստացման հերթական ծեսի միջով. ստիպեցին գիշերը ժամը 12 անց 47 րոպեին ստորագրել Սահմանադրական փոփոխությունները ստորագրելուց նախագահին, այսինքն` ինքն իրեն այդ լիազորությունից զրկելու օրենքի նախագիծը: Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ժամը 12 անց 47 րոպեին ստորագրեց սեփական ինքնաոչնչացման արձանագրության տակ ու սեղմեց ինքնաոչնչացման պուլտը:
Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի ոչ միայն դե ֆակտո, այլ նաև արդեն դե յուրե:
Ակադեմիկոս Լիխաչովն ասում էր` «շատերը կարծում են ինտելիգենտ մարդը նա է, ով շատ գրքեր է կարդացել, շատ ճանապարհորդել է, լավ կրթություն է ստացել։ Ոչ, ինտելիգենտությունը անտարբեր չլինելու և իրականությանն ադեկվատ արձագանքելու մեջ է»։ Ակադեմիկոս Լիխաչով, դուք միանգամայն իրավացի եք:
Ժամանակին, երբ Մանվել Գրիգորյանին բռնեցին զինվորի հացը գողանալու մեջ, ես ԱԺ ամբիոնից ասացի, որ Մանվել Գրիգորյանը միայն մեկ տարբերակ ունի սպայի իր պատիվը փրկելու համար, ուստի իր խցում մի ատրճանակ դրեք:
Մինչ երեկ ես Արմեն Սարգսյանին խորհուրդ կտայի անհապաղ հրաժարական տալ ու փորձել փրկել Բրիտանական աստղագիտական ընկերության անդամի իր համբավը:
Երեկ, ժամը 12 անց 47 րոպեին Արմեն Սարգսյան գործիչը, հայը, լավ կրթություն ստացած մարդը ինքնաոչնչացվեց: Արմեն Սարգսյանի մասին այլևս ոչ մի բառ: Ես բարեկիրթ մարդ եմ ու ինձ համար կա հայտնի ոսկե կանոնը` հանգուցյալների մասին կամ լավ, կամ ոչինչ:
Երեկ ժամը 12 անց 47 րոպեին հայ ժողովրդի մի մեծ հատված վերջին հրաժեշտը տվեց նախագահ Արմեն Սարգսյանին:
Հուսանք, որ բիզնեմեն և ֆիզիկոս Արմեն Սարգսյանի ճակատագիրը շատ ավելի հաջողակ կլինի: