ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության և մահացության դեպքերը շարունակում են աճել


Հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 61650 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 27 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է:
«Թվերի ավելացման պատճառներից մեկը նմուշառումների ավելացումն է։ Եթե նախկինում օրական 100-200 նմուշառում էր կատարվում, այսօր օրական մինչև 1500 է կատարվում։ Բնականաբար, թեթև ու անախտանիշ ձևերի նմուշառում էլ է կատարվում, որը թվի ավելացման է բերում։

Մյուս գործոնն այն է, որ, ցավոք, մենք ունենք բնակիչներ, ովքեր լուրջ չեն վերաբերվում այս հիվանդությանը, իրենց շփումը չեն սահմանափակում, անհատական հիգիենայի կանոնները չեն պահպանում։ Մենք ունենք բնակիչներ, ովքեր գտնվում են կարանտինի ու բժշկական հսկողության տակ, բայց խախտում են կանոնները։ Իրենք իրենց պահվածքը այսպես են բացատրում՝ «ես վարակի տարածման աղբյուր չեմ»։ Հավանաբար անլրջությունն է պատճառը, որ նման իրավիճակ ունենք։ Բայց դրան զուգահեռ, մենք ունենք նաև բազմաթիվ բնակիչներ, ովքեր շատ լուրջ են վերաբերվում այս հարցին և իրենց ինքնամեկուսացման վայրից մեկ քայլ անգամ չեն անում։ Մենք տանը հեռախոսազանգերի միջոցով ենք նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնում, կարիքի դեպքում մեր մեքենաներով մոտեցնում ու տեղում հետազոտում ենք և հաստատված դեպքերը, և կոնտակտավորներին։ Մարդիկ գալիս են, նմուշառում ենք վերցնում, իրենց զզուշացնում ենք, որ առաջիկա երկու օրը, նախքան նմուշառման պատասխանն ստանալը, իրենք ինքնամեկուսացման կանոնները չպետք է խախտեն, ներկայացվում է, թե ինչպես պետք է շփվեն տան անդամների հետ։ Բայց մարդը կարող է հաջորդ օրը գալ ու հարցնել իր նմուշառման պատասխանի մասին, այդքան զգուշացնելուց հետո»,-այս մասին ասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրենի մեծահասակ բնակչության գծով տեղակալ, ընտանեկան բժիշկ Հեղինե Պետրոսյանը:

(Visited 47 times, 1 visits today)