Հայաստանում կարմրուկի նոր դեպք է արձանագրվել

Հայաստանում սեպտեմբերի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ուկրաինայից օգոստոսի 31-ին:

Կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 3-ին՝ ջերմության բարձրացում, թուլություն, իսկ սեպտեմբերի 6-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը դիմել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ախտորոշվել է «կարմրուկ»:

Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից լաբորատոր հաստատված բերովի արդեն հինգերորդ դեպքն է գրանցվում: Համաճարակաբանորեն դեպքերից 3-ը կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:

Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունը համարվում է թոքաբորբը: Նյարդաբանական  բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։

(Visited 57 times, 1 visits today)