Կինը քաղցկեղը շփոթել է հղիության հետ

Անգլիայի Դարեմ կոմսության բնակչուհի 23-ամյա Գրեյս Բեյքեր-Պադդենը չարորակ ուռուցքը շփոթել է չծրագրված հղիության հետ:

Daily Mirror-ի հաղորդմամբ՝ Գրեյսը հակաբեղմնավորիչ միջոց է ընդունել, այդ պատճառով զարմացել է, երբ հղիության թեստը 2 գիծ է ցույց տվել: Գրեյսը 3 անգամ ստուգել է արդյունքը, ապա դիմել բժշկի, որը եւս հաստատել է, որ նա իսկապես հղի է:

Առավոտյան ժամերին նրա մոտ սրտխառնոց է սկսվել, իսկ որովայնը սկսել է մեծանալ: 8-րդ եւ 9-րդ շաբաթում Գրեյսը դիմել է մասնագետի օգնությանն ու ասել, որ արյան կաթիլներ է նկատել:

Այդ ժամանակ նա ուլտրաձայնային հետազոտություն է անցել: Սակայն սարքի էկրանին պտղի փոխարեն տարօրինակ գոյացություններ են երեւացել: Մանկաբարձուհին ասել է, որ դրանք պղպջակների են նման եւ կանչել է բժշկին:

«Մենք որոնեցինք Google-ում եւ տեսանք, որ դա կարող է քաղցկեղ նշանակել, եւ մեզ մոտ խուճապ սկսվեց»,- հիշում է Գրեյսը:

Որոշ դեպքերում այդ պղպջակները կարող են չարորակ ուռուցքի վերածվել, հենց նման դեպք է տեղի ունեցել Գրեյսի հետ:

Հետազոտությունից արդեն 2 օր անց Գրեյսին վիրահատել են, նորագոյացությունը հեռացրել են: Հյուսվածքների հիստոլոգիական անալիզը ցույց է տվել, որ դա իսկապես քաղցկեղ է:

Գրեյսը մի քանի ամսվա ընթացքում քիմիաթերապիայի կուրս է անցել: Այժմ նա իրեն լավ է զգում, եւ անալիզները ցույց են տվել, որ ուռուցքը ոչնչացել է, սակայն Գրեյսին զգուշացրել են, որ դեպքերի 15%-ում այդ հիվանդության կրկնություն է տեղի ունենում:

(Visited 4 times, 1 visits today)