«Առանց երեխաների կարծես երկրորդ մեղրամիս լիներ». Անահիտ Կիրակոսյան

Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ օրերս է վերադարձել Եգիպտոսից: 9-օրյա ակտիվ, հետաքրքիր բացահայտումներով ճամփորդության մասին դերասանուհին պատմել է եւ լուսանկարներ տրամադրել:

«Շոգ էր, բայց շատ հաճելի էր, որ ամեն րոպե կարող էինք ծովում հանգիստ լողալ»,-նշել է դերասանուհին: Այս անգամ ամուսիններն առանց երեխաների էին մեկնել հանգստի.«Կարծես երկրորդ մեղրամիս լիներ: Իրականում ամեն բան այնպես էինք կազմակերպել, որ որեւէ մեկը չտուժի: Հայկս ճամբարում է, Մհերը պարտեզ է հաճախում, որից հետո մայրիկիս մոտ է, իսկ աղջիկներս արդեն չափահաս են եւ կարողանում են իրենց հարցերն ինքնուրույն լուծել»:Անահիտն ասել է, որ աննկարագրելի ժամանակ են անցկացրել.«Ամեն օրը լեցուն էր, ազատ ժամանակ, կարելի է ասել, չենք ունեցել: Ծրագրել էինք՝ ուր պետք է գնանք, պատմական որ վայրերում պետք է լինենք: Միշտ երազանք ունեի Լուքսոր այցելել, տեսնել եգիպտական պատմության հետաքրքիր թանգարանները, իրենց աստվածներին եւ փարավոններին նվիրված դամբարանները: Թատերականում երբ արվեստի պատմություն էինք անցնում,  այդ ամենը սովորում, պատմում էինք, բայց լրիվ այլ բան էր այդ ամենը սեփական աչքերով տեսնելը: Քեզ թվում էր, թե իսկապես հայտնվում ես մեր թվարկությունից առաջ»:

Շրջել են նաեւ գյուղաքաղաքներում.«Այցելել ենք պլանտացիաները, որտեղ բանան, մանգո եւ այլ մրգեր են աճեցնում, տեսել՝ ինչպես են ապրում: Եղել ենք քարի, յուղերի գործարանում: Բացահայտումներով հանգիստ էր, շատ հետաքրքիր էր: Նավարկության ենք գնացել. կղզուց ծովը շատ գեղեցիկ էր երեւում: Ունեինք անհրաժեշտ բոլոր իրերը ծովի հատակ իջնելու համար: Իրար ձեռք բռնած իջնում էինք եւ հատակն ուսումնասիրում: Կարծես ֆիլմում հայտնված լինեինք, շատ ռոմանտիկ էր»:

(Visited 159 times, 1 visits today)