Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է բոլոր գործատուներին։
«Այսօր ինձ է դիմել 28.02.2020 թ.-ին Թեհրանի չվերթով ժամանած ու Հայաստանում առաջին կորոնավիրուսով հաստատված հիվանդը, որը կնոջ հետ հոսպիտալիզացվել է, չնայած` կնոջ մոտ թեստի պատասխանը բացասական էր հոսպիտալացման պահին։ Գործատուն, տեղեկացված լինելով այն մասին, թե ինչ հանգամանքներում և ինչ նպատակներով էր հոսպիտալացվել կինը, անտեսելով աշխատողի իրավունքները երաշխավորող ՀՀ օրենսդրությունը, ազատել է տիկնոջն աշխատանքից հիվանդանոց ընդունվելուց հետո։ Այստեղ անուններ չեմ հրապարակում, քանի որ գործատուն վստահաբար գիտի, թե ում մասին է խոսքը։
Կարծում եմ` սա անընդունելի պրակտիկա է, և կոչ եմ անում բոլոր գործատուներին Կորոնավիրուսի կասկածով կամ ախտորոշմամբ մեկուսացված անձանց չազատել աշխատանքից, իսկ արդեն իսկ ազատվածներին վերականգնել իրենց նախկին աշխատանքում։ Խնդրում եմ` այս կոչը հնարավորինս տարածեք, որ տեղ հասնի բոլոր գործատուներին»,-նշել է նա։
Նշենք, որ ՀՀ -ում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին։ 29-ամյա տղամարդը ժամանել էր Իրանից։