Ալիևը սպառում է հաղթանակը և գնում պատերազմի «սպասման» նոր շրջանի

Շուշիում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը – Azat TVԱդրբեջանի ղեկավար Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը շարունակելու է ավելացնել ռազմական ծախսն ու հզորացնել բանակը, գնել նոր սպառազինություններ, խոսքն ուղղելով նաև Հայաստանին: Ալիևի այդ հայտարարությունները անշուշտ ուղղված են ներքին սպառման, սակայն ոչ միայն: Ալիևի համար ռազմական հաղթանակը աստիճանաբար կորցնում է քաղաքական ազդեցությունը կամ նշանակությունը: Նա իր իշխանությունն առաջին իսկ օրից ըստ էության կառուցել էր այդ հաղթանակի սպասման վրա, հասցնելով սպասումն անգամ «ազգային ինքնության» աստիճանի:
Arminfo: Ильхам Алиев пригрозил России шантажом
Ռազմական հաղթանակի նա ի վերջո հասավ, աշխարհաքաղաքական իրողությունները դասավորվեցին նրա համար նպաստավոր տրամաբանությամբ: Բայց, նա չի հասել արցախյան հարցի լուծման՝ ինչպես ինքն է հավաստիացնում, և ավելին՝ այդ լուծման մասին նրան հիշեցնելու են ավելի ու ավելի շատ: Ըստ այդմ, Ալիևի համար ավելի ու ավելի բարդ է լինելու այդ հաղթանակը երկրի ներսում վաճառելը և դրա դիմաց իշխանական, քաղաքական դիրքերը ամրացնելը: Ներսում աստիճանաբար ավելի շատ են հնչելու պայմանական ասած՝ հարցեր Ստեփանակերտի մասին, որքան էլ նա ավելի ու ավելի շատ հրամաններ արձակի Շուշիի մասին:

Հետևաբար, այս իրավիճակը ստիպում է եզրակացնել, որ մեծ հավանականությամբ Ալիևն իր իշխանության երկարաձգման, «հավերժացման» նոր բանաձև գտնելու հարցում չունենալով այլ հնարավորություններ, դարձյալ դիմելու է նոր պատերազմի «սպասման» միջոցին: Մեծ հավանականությամբ նա փորձելու է ձևավորել այդ նոր սպասումը, այսպես ասած «կիսատ թողածը» լրացնելու տրամաբանությամբ: Այդպիսով նա փորձելու է մի կողմից լուծել իր և իր կլանի ներքին հարցերը, մյուս կողմից՝ ձևավորել իր «խաղաքարտային» բազան Արցախի հարցում արտաքին խաղացողների հետ հարաբերություններում, մասնովորապես Մինսկի խմբի համանախագահների, Իրանի, հնարավոր է նաև որոշակի ապագայում՝ Չինաստանի, որը կարող է ավելի մեծ ներգրավվածության հասնել Կովկասում: Այդ ամենը նշանակում է, որ Հայաստանի և Արցախի համար նա սկսում է ըստ էության «երկրորդ շրջան»:

Ինչպես առիթ ունեցա գրել օրերս՝ Արցախի կարգավիճակի հարցն էապես շաղկապված է Ալիևի իշխանությանը: Ադրբեջանից դուրս կարգավիճակի հեռանկար կարող է լինել մի դեպքում, երբ դրա համար վճարվի գին հենց Ալիևի իշխանությամբ: Հակառակ պարագայում, նա գնալու է պատերազմի «սպասման» երկրորդ շրջանով, այդպիսով մի կողմից դրսում խաղալու, մյուս կողմից սեփական հանրությանը «կառավարելի» պահելու տրամաբանությամբ:

Հայաստանը երկրորդ շրջանում բացարձակ զուրկ է առաջինի որևէ սխալ կրկնելու իրավունքից, որովհետև առաջին շրջանում թույլ է տվել սխալներ այնպիսի թվով ու խորությամբ, որոնք սպառել են ապագայի համար այդ իրավունքը շատ երկար ժամանակով: Հայաստանը պետք է խոսի խաղաղության մասին և ձգտի խաղաղության, բայց այդ ձգտման երաշխիքը պետք է լինի այդ խաղաղությունը պաշտպանելու կարողության առավելագույնս արագ վերականգնումը: Ընդ որում, խոսքն այս դեպքում համալիր կարողության մասին է, որ ներառում է բանակը, սակայն դրա ներքո՝ ուժեղ հասարակական-քաղաքական օրգանիզմ, ուժեղ տնտեսությամբ:

(Visited 73 times, 1 visits today)