Աժդահակը կռվի ազատ ժամերին սաղմոսներ էր կարդում զորքի համար. նա զոհվեց Շուշիի մատույցներում, մենակ չթողնելով իր վիրավոր հրամանատարին

Կիրակոսյան Աժդահակը հայրենիքին իր պարտքը տվել էր դեռևս 4-5 տարի առաջ։ Այդ ժամանակ Ջրականում էր ծառայում, Ապրիլյան քառօրյայի մասնակից էր։
44-օրյա պատերազմի լուրն առնելուն պես նա շտապում է կամավորագրվել։ Մեծ դժվարությամբ, բայց կարողանում է հասնել Արցախ։ Փորձն ու ոգին հաշվի առնելով նրան ջոկի հրամանատարն են նշանակում։
Возможно, это изображение (1 человек и небо)Անսահման հավատով էր Աժդահակը։ Կռվի «ազատ» ժամերին, երբ մի փոքր հանգստի ժամանակ էին ունենում, Կտակարանը ձեռքին սաղմոսներ էր կարդում զինվորների համար։
Կռվի թեժ օրերին Շուշիում ձևավորվում է արագ արձագանքման դասակ, որին Աժդահակն առանց վարանելու անդամագրվում է։ Եվ մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 3-ին՝ իր ծննդյան օրը, Աժդահակենց դասակը Շուշիում ընկնում է շրջափակման մեջ։ Մենակ չթողնելով վիրավորված հրամանատարին և ինքն էլ վիրավոր լինելով, ապահովում է դասակի մյուս տղաների նահանջը։
Իր 23-ամյակի հաջորդ օրը՝ նոյեմբերի 4-ին, Շուշիի մատույցներում զոհվում է Աժդահակը։ Զոհվում է իր հրամանատրի կողքին, զոհվում է՝ չդավաճանելով իր հավատը, չդավաճանելով իր ընկերոջը։
Երկնային ծնունդդ շնորհավոր, Աժդահակ ջան։ Դու հիմա վերևում ես՝ քո աչքերի պես կապույտ երկնքում։ Ապրեցիր քրիստոնյային վայել, կռվեցիր քո սուրբ հավատքի և սրբազան քաղաքի համար ու այդ կռվում էլ նահատակվեցիր։ Հոգիդ լույսերի մեջ մնա։
Աժդահակն այսօր կդառնար 24 տարեկան։

(Visited 24 times, 1 visits today)